Երգչուհի Լիլիթ Պիպոյանին երբեք չեն դիմել մասնակցելու ամանորյա հաղորդումների նկարահանումներին կամ ամանորյա համերգներին: Երգչուհին այս հանգամանքը բացատրում է նրանով, որ թերևս իր երաժշտությունը «խիստ լուրջ» է գնահատվում շատերի կողմից, մինչդեռ ինքը համոզված է, որ «դա այդպես չէ, պարզապես նմանօրինակ միջոցառումների կազմակերպիչները ծանոթ չեն իր արվեստին»:
Այն հանգամանքը, որ հեռուստաէկրաններին անընդհատ նույն երգիչ-երգչուհիներն են, և այն, որ օրեցօր ավելանում են նորաթուխ երգիչ-երգչուհիներ, Լ. Պիպոյանը չբացատրեց զուտ քարոզչությամբ: Նրա կարծիքով, «այստեղ դրամն է գործում»:
«Մենք սպառողների հասարակարգ ենք դարձել, և ամեն ինչ որոշվում է դրամով, ու նույնիսկ ամենասարսափելի թվացող տեսահոլովակի տակ մեծ գումարներ են դրված»,- մանրամասնեց երգչուհին:
Լ. Պիպոյանը հայտնեց նաև, որ հայկական երգարվեստում գումար կարելի է վաստակել երկու հիմնական ճանապարհով` արտասահմանյան հյուրախաղերով և հարուստ հովանավորներ ունենալով: Նա նշեց նաև, որ «իր տեսակի երաժիշտների գործունեությունը կաթվածահար է` գոյություն ունեցող մի շարք օրենքերով»:
«Որպեսզի ես իրավունք ունենամ վարձել համերգասրահ, ես պետք է ձևակերպված լինեմ` որպես անկախ ձեռներեց, եթե ես ձևակերպվեմ անկախ ձեռներեց, ես պետք է տարվա մեջ ամեն եռամսյակը մեկ վճարեմ այնպիսի հարկեր, որը ես իմ մեկ կամ երկու համերգներից չեմ վաստակում»,- բացատրեց Լ. Պիպոյանն ու հավելեց, որ այդպիսով էլ հնարավորություն չի ունենում «էկրանում լինելու»:
Ըստ երգչուհու, էկրանին հայտվելու համար անհրաժեշտ է կա´մ համերգի տեսագրություն, կա´մ երգի տեսահոլովակ, որոնք իրականացնելու համար ինքը բավարար գումարներ չի վաստակում: Լ. Պիպոյանը նշեց նաև, որ էկրանի պահանջներին բավարարելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկողներն ու իրականացնողներն էլ սակավաթիվ են ու ոչ բոլորի համար:
11.01.2010, 20:54
No comments:
Post a Comment