
Տիկին Սոնյան արդեն 20 տարի է, ինչ փորձում է մոռանալ այս օրը ու հաջորդող մի քանի ամիսները: Պատմում է, որ ընտանիքով թեյ էին խմում, երբ ադրբեջանցի հարևանուհին շնչակտուր մտավ իրենց տուն ու խնդրեց իրերը հավաքել ու շտապ հեռանալ քաղաքից:
«Ինչի՞ համար, հարցում եմ ես նրան, իսկ նա լաց է լինում»,- Aysor-ին պատմեց 80-ամյա տիկին Սոնյան, ապա մի բաժակ թեյ հյուրասիրեց իրեն հյուրընկալված լրագրողին:
1990 թվականի հունվարի 13-ին սկսվեցին Բաքվի հայկական ջարդերը: Հունվարի 19-ին, երբ արդեն ավարտվել էին հայկական ջարդերը, Բաքվում հայտարարվում է արտակարգ դրություն: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասնում այն ժամանակ, երբ բռնությունները հայ բնակչության նկատմամբ ավարտվել էին և քաղաքում, ըստ էության, հայ չէր մնացել:
Արդեն 20 տարի անց` տիկին Սոնյային հյուր է գալիս հարևանուհին` հայուհի, և կրկին Բաքվի ջարդերից մազապուրծ փրկված:
Տիկին Անյան Բաքվի քոլեջներից մեկում էթիկայի դասախոս էր, ասում է` երբեք չի մոռանա այն օրը, երբ դասերի ավարտից հետո հանգիստ տուն էր գնում ծայրամասում գտնվող քոլեջից, և այն, ինչ տեսավ քաղաքի կենտրոնում, ահասարսուռ էր:
«Օրական հազարավոր հայեր էին բարձում բեռնատարներն ու քշում, ճանապարհին պատվեր կար, ամեն բեռնատարից գոնե 30 հոգու պիտի սպանեին: Այսօր արդեն չգիտեմ էլ, թե ո՞նց եղավ, որ այդքանի միջից ես կենդանի մնացի»,- արցունքներն աչքերին Aysor-ին պատմեց տիկին Անյան:
Ապա երկու հարևանուհիները նայում են իրար, հուշում, որ այսօր հատկապես պատրաստ չեն որևէ հարցի պատասխանել, և հավելում, որ սովորական օրերին էլ իրենք իրար մեջ անգամ չեն խոսում այդ օրերից, միայն երբեմն ասում են. «Թող անիծվի էն շունը, որ սպանեց մեր էրեխեքին»:
Եթե փախստական տատիկներն այսօր տանը նստած փորձում են մոռանալ արհավիրքը, ավելի երիտասարդները շտապում են աշխատանքի. նրանք չեն կարող թույլ տալ, որ իրենց տատիկներն ու պապիկները նվազագույն թոշակով ապրեն, սակայն նրանց սրտում էլ խորն է հետքը:
«Հա, ամեն օր աշխատում ենք, գումար ենք վաստակում, ու մի կերպ յոլա ենք գնում: Եվ գիտե՞ք, թեկուզ Բաքվում մեր կյանքը շատ ու շատ ավելի լավ էր, բայց երբեք բարի հուշով չենք հիշում, կամ նախանձով, երբեք ու երբեք»,- ասաց աշխատանքի շտապող Ասյան:
Իսկ Գարեգինի վրա ջարդերը հիվանդագին ազդեցություն են թողել. արդեն 20 տարի է` ամեն օր նա հավաքում է ճամպրուկը, գնում կանգառ ու սպասում Խոջալուի ավտոբուսին. «Էսօր էլ չեկավ, ամեն համարի ավտոբուս կա, և ոչ մի ավտոբուսի վրա գրված չի Խաջալու, էսօր էլ չգնացի տուն, բայց ոչինչ վաղը կգնամ»:
Փառանձեմ Հովհաննիսյան
13.01.2010, 10:56
No comments:
Post a Comment