20 տարի առաջ` 1990 թ-ի հունվարի 13-19-ը, Բաքվում հայերի ջարդեր էին իրականացվում: Բաքվի ջարդերի, դրա հետևանքների, իրավական ու քաղաքական գնահատականների, ինչպես նաև Հայաստանի պահանջատիրության ու իրականացվելիք քայլերի քաղաքականության մասին Aysor-ը զրուցեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ: Պատգամավորի համոզմամբ` Հայաստանի հասարակությունը, նույնիսկ ակտիվ հատվածը, այսօր բավականաչափ տեղյակ չէ Բաքվի ջարդերի մասին, ինչը խոսում է «որևէ բարի պտուղ չբերող պասիվության մասին»:
Ըստ Լ. Ալավերդյանի` տիրող պասիվությունը ոչ միայն պետական ու քաղաքական մարմինների մեղավորությունն է, այլև հասարակական կազմակերպությունների ու, հատկապես, լրագրողների, ովքեր «կարող են հասարակությանը շատ ավելին տեղեկացնել»: Պատգամավորը վտանգավոր է համարում նաև այն, որ տարիներ շարունակ պետականորեն չի իրականացվել ինչպես 1990 թ-ին, այնպես էլ մինչ այդ ու դրանից հետո Բաքվում կատարվածի մասին պատշած իրազեկումը, հայերի նկատմամբ իրականացված բռնությունների քաղաքական և իրավական գնահատականներ տալու խնդիրը: Նրա կարծիքով, այսօր, երբ փորձում ենք հիշել 1990 թ-ին տեղի ունեցածը` նախ և առաջ պատվելու համար անմեղ զոհերի հիշատակը, հասարակության մեջ կարող է հատվածական պատկերացում ստեղծվել, մինչդեռ հայերի նկատմամաբ բռնություններ են իրականացվել նաև 1905-1907 թթ-ին, 1918 թ-ին, և Խորհրդային Միության տարիներին` մինչև 1988-1992 թ, և պատահական չէ, որ Բաքուն անվանում են երեք ջարդերի քաղաք:
Պատմական ակնարկ կատարելով` պատգամավորը փաստեց, որ սկսած 1905 թ-ից Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացնողները եղել են Կովկասյան թաթարները, ովքեր ոչ միայն անմիջապես ընդունեցին պանթուրքիզմի գաղափարախոսությունը, այլև հանդիսացան այդ գաղափարախոսության իրականացնողները:
«Պատահական չէ, որ մենք այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում դարեվերջին, կոչում ենք թուրքերի կողմից իրականացված նույն ցեղասպանության շարունակությունը, որովհետև նույն գաղափարախոսությունն է, նույն քաղաքականությունն է, նույն նպատակներն ու նույն իրագործողները»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը, ով հավելեց նաև, որ «ի պատասխան տարիներ շարունակ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող ակնհայտ խտրականությամբ ու բռնություններով ստեղծված այս անհնարին վիճակին էր, որ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, և ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց Ադրբեջանից դուրս գալու և Հայաստանին միանալու համար»:
Փոխարենը, ըստ Լ. Ալավերդյանի` 1988 թ-ի փետրվարի 21-ից տեղի հայերը ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին բռնությունների, սպանությունների, հրկիզումների: Այդ ամենի հետ մեկտեղ` «Ադրբեջանը ցինիկաբար նենգափոխեց, թե դեպքերի իրողությունն ու փաստերը, թե Ղարաբաղին վերաբերող հարցերը»:
Լ. Ալավերդյանը համոզված է, որ Հայաստանը և միջազգային հանրությունը ոչ միայն 1990 թ-ին Բաքվում տեղի ունեցածը, այլև Ադրբեջանում տարբեր ժամանակներում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու ջարդերը պետք է ի մի բերի և որակի` որպես ցեղասպանանություն, ինչն անելու համար բավականին փաստեր կան:
«Ապացուցելի է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, և ոչ միայն, որ 1990 թ-ին տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանության միջազգային եզրին, այլև այն, որ այսօր ևս Ադրբեջանի քաղաքականությունը լիովին համապատասխանում է այդ սահմանմանը»,- հայտնեց պատգամավորը և բավարար համարեց զուտ նշել մշակութային արժեքների ոչնչացումը, մահացածների շիրիմների դեմ պատերազմը, որը մինչ օրս իրականացվում է Ադրբեջանում, և համարվում է ցեղասպանության դրսևորում ու փաստ:
Պատգամավորը համոզված է նաև, որ կատարվածը ցեղասպանություն որակելու խնդիրն արդիական է, և այդ խնդրին պետք է հետամուտ լինեն ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև պետական քաղաքականության մակարդակով:
«Եթե որևէ ցեղասպանություն գործող ու այդ ցեղասպանությունն իրականացնող պետություն չի պատժվում, չի զղջում և չի ընդունում իր սխալն ու հանցագործությունը, ապա նշանակում է միայն մեկ բան` մեր տարածաշրջանին կամ այլ տարածաշրջաններին սպառնում են նոր ցեղասպանություններ»,- ամփոփելով զրույցը` ընդգծեց Լ. Ալավերդյանը:
14.01.2010, 12:02
No comments:
Post a Comment