Բոլոր այն ծնողներին, ովքեր չեն հասցրել իրենց մանուկներին ամանորյա հրաշքի մասնակիցը դարձնել, տեղեկացնենք, որ դա շտկելու հնարավորություն դեռ կա: Երևանի մի շարք թատրոններում դեռևս շարունակվում են ամանորյա հրաշք-հանդեսները:
Այսպիսով` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մանուկների համար այս տարի պրեմիերա է պատրաստել: Հանդես-ներկայացումը կոչվում է «Հափչի մարդուկը կամ իսկական հրաշք»:
Կազմակերպիչները նշում են, որ այն ոչ մի կապ չունի գրիպի համաճարակի հետ, և թատրոնը կդառնա այն վայրը, որտեղ երեխաները ազատ կարող են հաղորդակցվել ոչ միայն իրար հետ, այլև հեքիաթային կերպարների հետ:
Տեղեկացնենք, որ ներկայացումները ցուցարվելու են մինչև հունվարի 10-ը, յուրաքանչյուր օր 11:00-ին, 13:00-ին, 15:00-ին և 17:00-ին: Տոմսի արժեքն է 500-800 դրամ:
Երևանի «Խամաճիկների» պետական թատրոնն այս տարի մանուկների համար պատրաստել է «Ամեն տարի Նոր տարի» ամանորյա երաժշտական ներկայացումը: Այս ներկայացմանը ևս մանուկները կարող են մասնակից դառնալ մինչև հունվարի 10-ը ամեն օր 12:30-ին, 14:00-ին և 15:30-ին:
Հարկ է նշել, որ ներկայացման բեմադրիչն է Լիլի Էլբակյանը, իսկ տոմսերն արժեն 500 դրամ:
Հայտնենք նաև, որ Սոս Սարգսյանի ղեկավարած պետական համազգային թատրոնը ևս ամանորյա պրեմիերա է ներկայացնում մանուկների համար: Քրիստինե Ասրյանի բեմադրած «Շատ կախարդական հեքիաթ» ներկայացումը ցուցադրվելու է մինչև հունվարի 13-ը: Ներկայացումը կարող եք դիտել ժամը 11:00-ին, 12:30-ին, 14:30-ին և 16:00-ին: Տոմսերն արժեն 500 դրամ:
04.01.2010, 13:24
No comments:
Post a Comment