
«Նախ` շնորհավորում եմ երիտասարդներին, այսօր մեր օրն է, և շատ կարևոր է, որ այն ուրախ անցկացնենք»,- հայտնեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանող Էդգար Ամիրխանյանը, ով այսօր` Երիտասարդների տոնին, ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Երիտասարդության տոնի կապակցությամբ այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների և շրջանավարտների հետ:
Է. Ամիրխանյանի կարծիքով այս օրն առանձնանում է նրանով, որ ևս մեկ առիթ է երիտասարդների խնդիրներից խոսելու համար:
«Մենք մի երկրում ենք, որը կայացման փուլում է և մենք` երիտասարդներով, կարող ենք հերթական անգամ պաշտոնյանների, պատասխանատուների հետ խոսել մեր խնդիրներից, որոնց ամեն օր բախվում ենք` սկսած ուսումից ու աշխատանքից, մինչև ժամանց: Առանձնացնել, մշակել այն կարևորը, որը մեզ անհրաժեշտ է»,- մանրամասնեց առաջնորդների դպրոցի սանը:
Է. Ամիրխանյանի խոսքերով, իրենք հետևում են նաև երկրի քաղաքական կյանքին ու զարգացումներին: Առանձնացնելով Արցախյան հակամարտության հարցը` նա հավաստիացրեց, որ այսօր յուրաքանչյուր երիտասարդ պատրաստ է պայքարել Արցախի անկախության համար:
Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապին, ապա Է. Ամիրխանյանն այն կարևոր համարեց նաև երիտասարդների համագործակցության առումով:
«Կարևոր են կրթական փոխանակումները, ճանաչողական այցերը, քանի որ մենք այլ կարծիք ունենք Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մասին, իրենք էլ` մեր մասին»,- հայտնեց Է. Ամիրխանյանն ու հավելեց, որ մեր պետականությունը ուժեղ է ոչ միայն «ներսով, այլև Սփյուռքով»:
Երիտասարդ առաջնորդների դպրոցի մեկ այլ ուսանող` Արման Կիրակոսյանը, խոսեց ոչ թե երիտասարդների խնդիրներից, այլ այն առավելություններից ու հնարավորություններից, որ տրված են երիտասարդներին:
«Ես վստահ եմ, որ մեր երիտասարդները կլինեն մեր հանրապետության հետագա առաջնորդները, կբարելավեն մեր հանրապետության դրությունը բոլոր ոլորտներում»,- համոզված է Ա. Կիրակոսյանը, ով երիտասարդների առջև ծառացած խնդիրները հեշտ հաղթահարելի է համարում` «օրենսդրական դաշտը բարելավելու դեպքում»:
12.08.2009, 18:52
Լիլ, բա էս ինչի՞ ա երկու օրինակով:
ReplyDeleteՇնորհակալ եմ ուշադրության համար, Արմին ջան, արդեն մեկ հատ է :)
ReplyDelete