Wednesday, August 5, 2009

Հայաստանյան ծրագիրը դարձել է օրինակելի


«Ես կարող եմ հպարտանալ մեր հիմնադրամի գործունեությամբ, նաև գիտեմ, որ դուք Հայաստանի փոփոխությունների և զարգացման հույսն եք»,- հայտարարեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Բուրնազյանը` հիմնադրամի կազմակերպած «Շահերի պաշտպանության մոտեցումներ. հայաստանյան փորձ» խորագրով համաժողովի բացման ժամանակ` դիմելով համաժողովի մասնակիցներին:


Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցում են Հայաստանում մի շարք միջազգային կազմակերպություններից, Հայաստանի պետական կառավարման մարմիններից և հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ:


Վ. Բուրնազյանը համոզված է, որ իսկական փոփոխությունները չեն կատարվում միայն Կառավարության կամ միջազգային կազմակերպությունների միջոցով: Նա իր խոսքում վստահություն հայտնեց առ այն, որ համաժողովի ներկաները «աշխատելով իրենց համայնքներում, աջակցելով փոփոխություններին, կլինեն Հայաստանի հետագա առաջընթացի աղբյուրը»:


ԱՄՆ Միգազգային զարգացման գործակալություն Ժողովրդավարության և կառավարման գրասենյակից Բելլա Մարգարյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, ովքեր ներդրում են ունեցել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման գործում:


«Ես վստահ եմ, որ այսօր այսքան մարդ այստեղ չէր լինի, եթե չլինեին հասարակական կազմակերպությունները, եթե չլիներ այն ջանքը, որը հիմնադրամը գործադրեց, որպեսզի լուրջ հակակշիռ ունենանք երկրում», - ընդգծեց Բ. Մարգարյանը:


Համաժողովին միջազգային ընկերության` Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արսեն Սարդարն էլ իր խոսքում համառոտ ներկայացրեց Հայաստանում իրենց ընկերության 5-ամյա գործունեությունը, միջազգային և հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գործունեությունը:


«Որպես միջազգային կազմակերպություն, որն ունի նմանատիպ ծրագրեր ուրիշ երկրներում, հայաստանյան մեր ծրագիրը դարձել է օրինակելի, դարձել է այն ծրագիրը, որտեղից բխում են նորարար մոտեցումներ, նոր մտքեր և կիրառվում են տարբեր երկրներում», - ընդգծեց Ա. Սարդարն ու հավելեց, որ իրենց գործունեության ընթացքում բավական արդյունավետ աշխատանք են ունեցել Հայաստանի ՏԻՄ-երի և պետական տարբեր մարմինների հետ:


Բանախոսները շնորհակալություն հայտնեցին համաժողովի մասնակիցներին` ներկա գտնվելու համար և մաղթեցին արդյունավետ աշխատանք:


05.08.2009, 14:35

Aysor.am

No comments:

Post a Comment