Tuesday, August 11, 2009

Ի նպաստ Ջավախքում կինոարվեստի զարգացմանն ու աշխուժացմանը


«Տարիներ շարունակ հայ-վրացական հարաբերությունների և ջավախքյան հարցի խնդիրներով զբաղվելուց հետո եկել եմ այն համոզման, որ Ջավախքը կարող է ոչ թե ջրբաժան հանդիսանալ Հայաստանի և Վրաստանի միջև, այլ բարեկամության կամուրջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Ոսկե ծիրանն անիվների վրա» ծրագրի վերաբերյալ:


Տեղեկացնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվող «Ոսկե ծիրանն անիվների վրա» ծրագիրն այս տարի երկրորդ անգամ կհյուրընկալվի Ջավախքում, իսկ փառատոնի ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն օգոստոսի 13-15-ը` Ախալքալաքի մշակութային կենտրոնում:


Նշենք, որ Ջավախքում ծրագիրն իրականացվում է փառատոնի պաշտոնական գործընկեր Թբիլիսի միջազգային կինոփառատոնի, ինչպես նաև` Վրաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ: Ծրագրին օժանդակում են Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, «Sovrano» և «Արցախ Ալկո» ընկերությունները:


ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը, ողջունելով «Ոսկե ծիրանի» գործուենությունը Ջավախքում, հայտնեց այն տեսակետը, որ ծրագիրը նպաստելու է Ջավախքում կինոարվեստի զարգացմանն ու աշխուժացմանը:


«Հավաստիացնում եմ, որ Ջավախքի հայությունն այսօր ավելի շատ մշակութային աջակցության կարիք ունի, քան նյութական»,- ընդգծեց Ա. Մելքոնյանն ու հավելեց. «Հոգևոր սննդի պակասը շատ ավելի աղետալի հետևանքներ կարող է ունենալ, քան ֆինանսականն է»:


Ծրագրի մյուս աջակից «Sovrano» ընկերության հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը տեղեկացրեց, որ մի քանի տարի շարունակ աջակցում է բոլոր այն մշակութային ծրագրերին, որոնք իրականացվում են Ջավախքում: Նա հայտնեց, որ օրերս իրենց աջակցությամբ Ջավախքում բացվել է նկարիչ Վարդգես Սուրենյանցի հուշատախտակը:


Ս. Սահակյանը համոզված է, որ «բարի գործը վարակիչ է»: Նա վստահություն հայտնեց առ այն, որ Ջավախքում մշակութային ծրագրերի կազմակերպման աջակցությունը ևս վարակիչ բնույթ է ունենալու և որոշ ժամանակ անց օժանդակվելու են ավելի մեծ թվով մշակութային ծրագրեր:


Նշենք նաև, որ Ախալքալաքում ցուցադրվելու են նաև հայկական և վրացական արտադրության վավերագրական ֆիլմեր: Ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ փառատոնի գլխավոր հովանավորն է «Վիվա Սելլ-ՄՏՍ» ընկերությունը:


11.08.2009, 19:36

Aysor.am

No comments:

Post a Comment