
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) կազմակերպում է «Քաղաքացիական հասարակությունը մեր աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթ: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց մրցույթի համակարգող Թամարա Երնջակյանը:
Թ. Երնջակյանի տեղեկացմամբ` մրցույթին կարող են մասնակցության հայտ ներկայացնել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկաիչները: Ներկայացվող լուսանկարները կարող են լինել ցանկացած ժանրում` պատկերելով քաղաքացիական կյանքի յուրաքանչյուր դրվագ, այդ թվում` ցույցեր, ակցիաներ, ծառատունկ և այլ:
«Մենք չենք ցանկանում որևէ սահմանափակումներ դնել: Քանի որ քաղաքացիներն են մասնակցում, մեզ հետաքրքիր է, թե նրանք ինչպես են պատկերացնում հասարակական կյանքի ցանկացած դրսևորում», - մանրամասնեց Թ. Երնջակյանն ու հավելեց, որ այդ պատճառով մրցույթին կարող են մասնակցել նաև ոչ պրոֆեսիոնալները:
Հաղթող կարող է դառնալ այն մասնակցի լուսանկարը, որը կարժանանա հատուկ խորհրդի անդամների բարձր գնահատականին: Խորհրդի անդամները պրոֆեսիոնալ լուսանկարիչներ են և քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ:
Տեղեկացնենք, որ մասնակիցներն իրենց լուսանկարները կարող են ներկայացնել Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին` ինչպես տպված վիճակում, այնպես էլ թվային տեսքով (200dpi/1500pix), դրանք կարող են լինել ինչպես գունավոր, այնպես էլ սև ու սպիտակ: Մասնակցության համար լուսանկարներ ներկայացնողները պետք է համապատասխան դիմում լրացնեն:
«Դիմումում 10-ից ավելի պայմաններ կան: Օրինակ, որ լուսանկարները մշակված չլինեն Photoshop ծրագրով, որ մասնակիցները համաձայնություն են տալիս հիմնադրամին լուսանկարները իրենց արխիվում պահելու և այլն` հետագա անախորժություններից խուսափելու համար», - բացատրեց մրցույթի համակարգողը:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել մինչև 5 մրցութային աշխատանք: Aysor-ի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ներկայացնել 5 կադրից բաղկացած ֆոտո-պատմություն, Թ. Երնջակյանն ի պատասխան ասաց, որ «այդպես միգուցե ավելի հետաքրքիր կլինի»:
Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է: Արդյունքներն ամփոփվելու են Քաղաքացիական հասարակությանը օրվան նվիրված ցուցահանդեսին` սեպտեմբերի 19-ին: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Նշենք նաև, որ ցուցահանդեսին ներկայացվելու են մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները: Ցուցահանդեսը բացվելու է սեպտեմբերի 17-ին և գործելու է մինչև սեպտեմբերի 19-ը:
06.08.2009, 12:51
No comments:
Post a Comment