Monday, August 3, 2009

Քաղաքական տիկնայք ավելի հաճելի են, քան քաղաքական այրերը

«Մեր քաղաքական տիկնայք ինձ համար շատ ավելի հաճելի են, քան քաղաքական այրերը»,- խոսելով քաղաքականությունից և քաղաքական գործիչներից` հայտարարեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:


Լրագրողներին մի շարք կին քաղաքական գործիչների օրինակներ ներկայացնելուց հետո Ռ. Հախվերդյանը նշեց, որ «ունենք շատ կին քաղաքական գործիչներ, ովքեր կծալեն ու իրենց գրպանը կդնեն ցանկացած պատգամավորի` իրենց բանիմացությամբ»: Այս առիթով նա հորդորեց քաղաքական գործիչներին որևէ բան անելուց առաջ մեկ անգամ նորից կարդալ մեր ազգային էպոսը ու հիշեցրեց, որ Սասունցի Դավթին ուղղորդում է մի պառավ կին:


«Կանայք ավելի խելացի են և քաղաքականության մեջ ավելի շատ բան ունեն անելու, քան տղամարդիկ»,- ընդգծեց երգիչը:


Ռ. Հախվերդյանը հայտնեց նաև, որ ինքը կցանկանար Հայաստանում ոչ թե «նախագահական կառավարություն լիներ, այլ մեկ ուրիշ տեսակի կառավարություն»:


«Մեզ մոտ, երբ ասում են նախագահ, թագավոր են պատկերացնում, բայց չէ՞ որ թագավորն էլ ինչ-որ սահմանափակումներ ունի»,- մեկնաբանեց Ռ. Հախվերդյանը:


Բացի այդ Ռ. Հախվերդյանը հայտնեց, որ շատ կուզենար, որ «մեր քաղաքական այրերը գոնե գրական հայերենին տիրապետեին»: Նա նշեց, որ որոշ քաղաքական այրեր այնպես են խոսում, որ ժողովուրդը լսում է ու ոչինչ չի հասկանում:


«Կարելի է լռությամբ ավելի շատ բան ասել, քան խոսքերով»,- ընդգծեց Ռ. Հախվերդյանն ու խորհուրդ տվեց բոլորին ուսումնասիրել ժեստերի լեզուն, քաղաքական այրերին էլ հորդորեց գրական հայերենով խոսելուց զատ` ծանոթանալ նաև հռետորական արվեստին:


Իր սերունդին անվանելով «սովետական մատոռ` կապիտալիզմի մեջ», որը շարունակում է կարծրատիպերով ապրել, Ռ. Հախվերդյանը մեր ժամանակաշրջանը «խորը ֆեոդալիզմ անվանեց»: Ամփոփելով խոսքը`երգիչը հայտնեց, որ հույսը երիտասարդների վրա է դրել:


03.08.2009, 20:05

Aysor.am

No comments:

Post a Comment