
«Ով իր օգնությունն է տրամադրում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին, այդ առիթով ստանում է խորհրդանշական մի փուչիկ», - հայտնեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի աշխատակցուհին, ով կանգնած էր նարնջագույն փուչիկներով զարդարված գրասեղանի դիմաց:
Հիմնադրամի համար գումարներ հավաքելը կազմում էր հիմնադրամի այսօրվա կազմակերպած «Շահերի պաշտպանության մոտեցումներ. հայաստանյան փորձ» խորագրով համաժողովի բաղկացուցիչ մասը:
Հիշեցնենք, որ առավոտվանից Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կազմակերպած համաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ` Հայաստանում մի շարք միջազգային կազմակերպություններից, Հայաստանի պետական կառավարման մարմիններից և հասարակական կազմակերպություններից:
Համաժողովի մասնակցիներն ու հյուրերը, մինչ նիստերի դահլիճ հասնելն, անցնում էին հանգանակության համար նախատեսված գրասեղանի կողքով: Գրասեղանի վրա, բացի նարնջագույն փուչիկներից դրված էր ապակե արկղ, որտեղ էլ ցանկացողները կարող էին թողնել իրենց նվիրաբերած գումարը:
Տեղեկացնենք, որ նվիրատվություն կատարողները նիստերի դահլիճ էին մտնում փուչիկը ձեռքին` այսպիսով իրենց նվիրատվության մասին բոլորին ազդարարելով և, կարծես շահագրգռելով, որ մյուսներն էլ հետևեն իրենց օրինակին:
05.08.2009, 14:48
No comments:
Post a Comment