
«Երդվում ենք լինել արևի պես անհաղթ»,- միաձայն երդվեցին «Արևորդի» ամառային դպրոցի սաները, ովքեր այսօր ամփոփեցին իրենց մեկամյա ուսումնառությունը:
Տեղեկացնենք, որ հուլիսի 28-ից Ծաղկաձորում համախմբվել են 50-ից ավելի բնասեր պատանիներ` Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից` մասնակցելու «Արևորդի» ամառային դպրոցին: «Արևորդի» ամառային դպրոցը ամեն տարի հանրապետության տարբեր մարզերում և Արցախում գործող համանուն էկո-ակումբների պատանիների համար կազմակերպում է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Նշենք նաև, որ այս տարի ամառային դպրոցի իրականացմանը աջակցում են նաև GTZ-ը և UNICEF-ը:
10-ից 15 տարեկան պատանիները մեկամյա դասընթացներից հետո հավաքվում են` ի մի բերելու անցածն ու ինտենսիվ դասընթացների միջոցով պատրաստվելու նոր ուսումնական տարվան: Այսօր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը պատանիները իրենց աշխատանքներն ու սովորածը ներկայացրեցին բնապահպանական EXPO-ի ժամանակ:
Տաղավարներից յուրաքանչյուրում փոքրիկ բնապահպանները ներկայացնում են իրենց աշխատանքը:
«Արևային էներգիա կլանող սարքը մենք պատրաստել ենք այլումինե տարրաներից, որոնք ներկել ենք սև գույնով, քանի որ այն լավ էլեկտրահաղորդիչ է: Կլանելով արևի ճառագայթները` տարրաները տաքացնում են այս արկղի օդը, իսկ տաք օդը, բարձրանալով վերև, տաքացնում է ջուրը»,- արևային էներգիա կլանող սարքի պատրաստման և օգտագործման եղանակը մանրամասն ներկայացրեցին էկո-ակումբի պատանիները:
Տաղավարներից մեկում էլ հյուրերը կարող էին ոչ միայն ծանոթանալ հայկական պարերի պատմությանն ու նշանակությանը, այլև երեխաների ուսուցմամբ ու ուղեկցությամբ պարել թամզարա, գյոնդ, վեր-վերի:
Նշենք, որ երեխաները տիրապետում են նաև տնային պայմաններում թղթի վերամշակման տեխնոլոգիային: Արարատի մարզի Ուրցաձորի էկո-ակումբի անդամ Գևորգ Սարգսյանը, ցուցադրելով թղթի վերամշակման հմտությունը, նաև տեղեկացրեց, որ յուրաքանչյուր մարդ տարեկան օգտագործում է մոտ 308 կգ թուղթ:
«Իսկ եթե մենք չթափենք մեր օգտագործած թղթերը, այլ վերամշակենք, ապա տարեկան աշխարհում չի հատվի 250 միլիոն ծառ»,- համոզված է պատանի Գևորգը:
Միջոցառման վերջում ներկաները դիտեցին երեխաների կողմից պատրաստված ֆիլմ, որը պատմում էր նրանց` Ծաղկաձորում անցկացրած 10 օրերի և սովորած հմտությունների մասին: Վերջում «արևորդիները» երդվեցին հավատարիմ մնալ բնությանն ու պահպանել այն: Երեխաները միջոցառումը եզրափակեցին հայկական պարերի բեմականացված ներկայացմամբ:
06.08.2009, 19:57
No comments:
Post a Comment