Monday, August 3, 2009

Ռ. Հախվերդյանը պատասխանում է իր մասին հնչած կարծիքներին


«Նախկինում ինձ մի սխալ բան էին հարցնում` դուք զբաղվու՞մ եք քաղաքականությամբ: Քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական գործիչները: Եթե ես իմ կարծիքը հայտնում եմ` որպես շարքային քաղաքացի, դա բոլորովին չի նշանակում, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ»,- այսպես սկսեց մամուլի ասուլիսը երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Ռ. Հախվերդյանն ասուլիսի ժամանակ խոսեց նաև մտավորականների մասին` իրեն համարելով ոչ թե մտավորական, այլ «ավելի շատ արվեստ»: Նա մտավորականներին բաժանեց երկու խմբի` «մտավորականների և ռ-ով կարդացվող մտավորականների»: Վերջինները, ըստ երգահանի, օգտվողներ են, այսինքն` «մարդիկ, որոնց երբեմն ցույց են տալիս հեռուստացույցով` մուրուքով կամ առանց մուրուքի, թզբեխով կամ առանց թզբեխի»:


«Դրանք, իմ կարծիքով, ոչ թե մտավորականներ են, այլ պահից օգտվողներ, որոնք անպայման ինչ-որ օբյեկտի համար, կամ ինչ-որ պաշտոնի համար կարող են երգել այն դուդիկի տակ, որը նվագում է, ասենք` կառավարությունը»,- մանրամասնեց Ռ. Հախվերդյանը:


Երգիչն անդրադարձավ նաև վերջերս «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի` իր հասցեին հնչեցրած կարծիքին: Նա, ի պատասխան հայտնեց, որ ինքն «արդեն 1 տարի է, ինչ արկոհոլային խմիչք չի օգտագործում, և զարմանում է, թե ինչու՞ պետք է «պախմելի» մեջ լինի»: Բացի այդ հավելեց, որ Ա. Մազմանյանի կամ «թզբեխով մտավորականի» հետ ինքը աղուհաց չի կիսում, հետևաբար, նա չէր կարող իմանալ իր կենցաղի մասին ոչինչ:


«Սույն անձնավորությունը, որ մեծ հաջողությամբ «Ադրի»-ի շենքը վաճառեց, արդեն իսկ չի կարող կառավարության դեմ որևէ բան խոսել»,- ասաց Ռ. Հախվերդյանը:


Փոխարենը երգիչը հիշեցրեց, որ «ժամանակին իրեն նշանակել են «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն և ինքն ամեն ինչ արել է, որ այն դառնա պետության սեփականությունը և վերածվի իսկական մշակութային կենտրոնի»:


«Բայց քարերն այնպես դասավորվեցին, որ «Նաիրի» կինոթատրոնի սեփականատերը դարձավ Ալեքսան Հարությունյանը, որի դեմ ես ոչինչ չունեմ ասելու: Հետագայում նա մեր քաղաքի համար խորհրդանշական «Նաիրին» վաճառեց, և այդ գումարն էլ շատ նորմալ մարսեց: Ահավասիկ, ձեզ մտավորականի մի կերպար ևս»,- ասաց Ռ. Հախվերդյանը:


Շարունակելով «երկրորդ տեսակի» մտաորականների թվարկումը Ռ. Հախվերդյանը չմոռացավ նաև գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանին:


«Սրանք մարդկային մի տեսակ են, որ բոլոր իշխանությունների ժամանակ, բոլոր իշխանությունների կողքին են և զբաղված են օգտվելով»,- ընդգծեց Ռ. Հախվերդյանը:


Ռ. Հախվերդյանը անդրադարձավ նաև Ա. Մսրյանի` իր բնակարան փոխելու մասին հայտարարությանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով իր «երեքսենյականոց բնակարանի փոխարեն չորս սենյականոց է տվել»:


«Ընտանիքս այնքան փոքր չէ` 5 հոգով ենք ապրում, մեկ սենյակն ավելացավ իբրև աշխատասենյակ, իսկ ես երբեք աշխատասենյակ` որպես այդպիսին, չեմ ունեցել»,- մանրամասնեց երգիչը:


Նա նաև նշեց, որ ինքն այն ժամանակ իր հին բնակարանը կարող էր վաճառել, բայց հանձնել է մի զոհված ազատամարտիկի ընտանիքի, որ «քաղաքապետարանը բնակարանը մեջ-մեջ չանի»:


03.08.2009, 19:28

Aysor.am

No comments:

Post a Comment