
«Նման միջոցառումները պետք է շատ լինեն, որպեսզի պետության կողմից ներկայացված ծրագրերը մշտապես ավելի ընդհանրացված տարբերակով ներկայացվեն երիտասարդներին», - հայտնեց Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի տնօրեն Սամվել Մերթարջյանը ՀՀ սպարտի և երիտասարդության հարցերի նախարարի` երիտասարդների հետ հանդիպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հանդիպեց երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը երիտասարդներին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, լսեց առաջարկություններ ու պատասխանեց երիտասարդների հարցերին:
«Այն քաղաքականությունը, որ մշակվում է երիտասարդության համար, պետք է հասանելի լինի լայն հասարակությանը: Երիտասարդները պետք է իմանան, թե ինչ է պլանավորվում, ինչ հնարավորություններ ունեն իրենք», - բացատրեց Ս. Մերթարջյանը:
Խոսելով երիտասարդության խնդիրներից Ս. Մերթարջյանը դրանք երկու խմբի բաժանեց. խնդիրներ, որոնք առանձնահատուկ են մեր երիտասարդներին, և խնդիրներ, որոնք ընդհանուր են աշխարհի երիտասարդների համար:
«Բայց այսօրվա մեր երիտասարդության առավել լուրջ խնդիրն է իր պետությանը լուրջ վերաբերվելը, այսինքն` չփնովեն երկիրը, այլ մտածեն, որ իրենք են այս երկրի տերը», - ընդգծեց Ս. Մերթարջյանը:
Միևնույն ժամանակ կենտրոնի տնօրենը համոզված է, որ «մենք ունենք փայլուն երիտասարդություն, ուղղակի մենք ուզում ենք սատար կանգնենք երիտասարդությանը և հաստատուն քայլերով առաջ գնանք»: Ս. Մերթարջյանը նշեց նաև, որ նախարարի հետ հանդիպումներ պարբերաբար կազմակերպվում են, պարզապես դրանք լինում են «չլուսաբանվող և ոչ պաշտոնական հանդիպումներ»:
«Այս հանդիպումը միջոց է, որպեսզի ներկայացվի այն ամենն, ինչ մենք կատարում ենք, իսկ երիտասարդության խնդիրն է` այդ ամենն ընկալելը, օգնելը, որպեսզի մենք կարողանանք ավելի ճիշտ ուղղության վրա լինել», - ասաց Ս. Մերթարջյանը:
Ս. Մերթարջյանը կարևորեց նաև այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի և երիտասարդների համագործակցության ամրապնդմանը նպատակաուղղված:
«Երիտադարդությունն ապագան է: Ունենալ երիտասարդներ, ովքեր փոխկապակցված են իրենց Սփյուռքի հայրենակիցների, Ջավախքի և Արցախի հայրենակիցների հետ, դա բերում է համագործակցության», - ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ս. Մերթարջյանը, ով տեղեկացրեց նաև, որ նմանատիպ միջոցառումներ իրականացվում են Սփյուռքի նախարարության հետ համատեղ:
12.08.2009, 16:19
No comments:
Post a Comment