
«Ինձ ասում են ձեր էստրադան, ես ասում եմ, կներեք, ես դրա հետ ոչ մի կապ չունեմ: Ու ինքս ինձ հարց եմ տալիս. «Իսկ ինչի՞ հետ ես կապ ունեմ, ես ո՞վ եմ, ի՞նչ ժանրում եմ ես երգում»: Ես չեմ կարողանում պատասխան ստանալ, ես չգիտեմ, քանի որ դա արդեն էստրադա չէ, քանի որ այն հեռու է այսօրվա էստրադա կոչվածից», - կարծում է երգչուհի Էմմա Պետրոսյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց ճշտել այն հանգամանքները, որոնց հետևանքով երգարվեստը սկսեց անկում ապրել, որի հետևանքով արժեքները սկսեցին կորցնել իրենց նշանակությունը:
Է.Պետրոսյանի կարծիքով, ինչ-որ ժամանակ սկսվեց խախտվել ժանրերի ինչ լինելն ու ինչպիսին լինելը: Ըստ նրա, հայկական «պապսայի» հիմնադիրը, ինչպես կարծում են շատերը, Արթուր Գրիգորյանը չէ: Նա, լինելով Արթուր Գրիգորյանի ստեղծած «Այո-շոու»-ի հիմնադիրներից մեկը, վստահաբար հայտնեց, որ ժամանակին հավաքվել են ինդիվիդուալ խելագարների մի հսկայական բանակ, ովքեր հրաշալի ստեղծագործությունների հեղինակ են դարձել:
«Ես չգիտեի, թե ի՞նչ էի անում, ի՞նչի համար էի անում, ես անում էի մի բան, որը չէի կարող չանել: Կարծես մենք ունեինք հրաշալի արմատներ` Տաթևիկ Հովհաննիսյան, Էռնա Յուզբաշյան, Էլվինա Մակարյան, Գեորգի Մինասյան, Օրբելյան… մի հզոր դպրոց, որ եթե մենակ սովորեինք, մեզ հերիք էր», - հիշեց Է. Պետրոսյանն ու հավելեց. «Մեկ էլ ծնվեցին ինչ-որ կիսագրագետ մարդիկ, ովքեր որոշեցին, որ իրենք կարող են ինչ-որ դեր խաղալ»:
Ոչ պրոֆեսիոնալ երգիչների հանդես գալը Է. Պետրոսյանը բացատրեց նաև ձայնագրման ստուդիաների գոյությամբ, որոնք «սկսեցին ձայնագրել ում պատահի, և այդ ձայնագրություններով ողողեցին ամեն ինչ»: Սրա հետևանքով, ըստ Է. Պետրոսյանի, ցածրաճաշակ երաժշտությունն այնպես տարածվեց, որ հիմա ինքը նույնիսկ չգիտի, թե ինչպես կասեցնել կամ սահմանափակել դրա շրջանառությունը, «մի սխալն այնպես շարվեց մյուսի վրա, որ հիմա դժվար է այդ պատը քանդել»:
Ըստ նրա, մեր հասարակությունը կարծում է, որ դասական երաժշտությունը «թաղման երաժշտություն» է, քանի որ դասական երաժշտություն լսում է միայն այն ժամանակ, երբ սուգ է հայտարարված:
Թե ինչու՞ ցածր երաժշտությունը պարբերաբար չի քննադատվում արվեստագետների և համապատասխան մասնագետ-քննադատների կողմից հարցին ի պատասխան Է. Պետրոսյանը հայտնեց, որ «բոլորը հոգնել են քննադատելուց, քանի որ ոչինչ չի փոխվում»: Նա հայտնեց, որ իր կարծիքն ու քննադատությունը լսելի է դարձնում Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի իր ուսանողների համար միայն, որոնք ընկալում և ընդունում են այն:
08.08.2009, 15:42
No comments:
Post a Comment