
Վաղ առավոտվանից Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կազմակերպած «Շահերի պաշտպանության մոտեցումներ. հայաստանյան փորձ» խորագրով համաժողովը:
Համաժողովին մասնակցում են Հայաստանում մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակից, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունից, ինչպես նաև Հայաստանի պետական կառավարման մարմիններից և հասարակական կազմակերպություններից:
Տեղեկացնենք, որ համաժողովի գլխավոր նպատակն է ներկայացնել Հայաստանում շահերի պաշտպանության ոլորտում առկա հաջողությունները և զարգացումները: Այն անցկացվելու է երկու զուգահեռ նիստերով, որոնք տեղի կունենան միաժամանակ: Նիստերի ընթացքում քննարկվելու են բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք առկա են քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում, ինչպես նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերի շուրջ:
Կազմակերպիչների խոսքերով «Շահերի պաշտպանության մոտեցումներ. հայաստանյան փորձ» խորագրով համաժողովը տեղական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնում ներկայացնել շահերի պաշտպանության ոլորտում կուտակած իրենց փորձն ու դասերը, քննարկել որդեգրած մոտեցումներն ու դրանց արդյունավետությունը:
Տեղեկացնենք նաև, որ զուգահեռ քննարկումներից բացի համաժողովի ընթացքում տեղի կունենան նաև լիագումար նիստեր: Նշենք, որ զուգահեռ քննարկումներն ընթանալու են հանրային հաղորդակցման միջոցների օգտագործում, շահագրգիռ կողմերի մոբիլիզացիայի մոտեցումները և հանրային քաղաքականության մոնիտորինգ, լոբբինգը` որպես շահերի պաշտպանության գործիք, կոալիցիաներ և ցանցեր, համագործակցության հեռանկարներ թեմատիկ ուղղվածություններով:
05.08.2009, 12:50
No comments:
Post a Comment