Saturday, August 8, 2009

Երբ ժարգոնը դառնում է միջոց …

Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց արվեստում լեզվի դերի և այն մասին, թե ինչպիսի լեզու ու խոսք պետք է հնչի արվեստում: Ըստ նրա, երբ մենք քննադատում ենք այն, որ փողոցային` ժարգոնային լեզուն ներթափանցում է արվեստ, մենք չպետք է մոռանանք քննել դրա դրդապատճառները:


«Մենք ունենք մի մեծ խնդիր. արհեստականորեն աղքատացնում ենք մեր լեզուն, ընդ որում հիմնականում դա անում են նրանք, ովքեր համարում են իրենց հայոց լեզի պաշտպաններ»,- հայտնեց Ռ. Բաբայանը, ով լեզվի աղքատացումը համարում է արվեստում ժարգոնի ներթափանցման հիմնական պատճառներից մեկը:


Ռ. Բաբայանի կարծիքով լեզվի հարստությունը արմատների քանակությունն է, և ուրիշ լեզուները չեն աղքատանում, երբ օգտագործում են այլ լեզուների արմատները:


«Երբ մենք նույնիսկ ամենաժամանակակից տեխնոլոգիաներն անվանելու համար դրանցում փորձում ենք գտնել հայկական արմատներ, մենք ստեղծում ենք մի արհեստական լեզու», - հայտնեց Ռ. Բաբայանն ու հավելեց. «Լեզուն կենդանի օրգանիզմ է, նա մշտապես հարստանում է, բայց այս պրոցեսը պետք է ղեկավարել»:


Ռ. Բաբայանը լեզվի հարստացման ղեկավարումը համարում է օտար արմատներին հայկական վերջածանցներ տալը, ինչի օրինակներ մենք բազմաթիվ ունենք: Ինչ վերաբերում է ժարգոնի գոյությանը արվեստում, ապա նա արդարացնում է այդ, եթե «խնդիրը ոչ թե ժարգոնը բեմ հանելն է, այլ երբ ժարգոնը դառնում է միջոց հանդիսատեսի մտքի վրա ազդելու համար»:



Թատրոնի գեղարվեստական ղեկավարն անընդունելի է համարում նաև արվետում հայհոյանքների և վիրավորանքների առկայությունը: Ըստ նրա «վիրավորելը չի կարող լինել արվեստի խնդիր»:


Ռ. Բաբայանն անընդունելի է համարում նաև այն, որ շատ արվեստաբաններ, օգտագործելով խոսակցական լեզուն, դա արդարեցնում են «իրականությունը պատկերելու խնդիրը կատարելով»: Նրա համոզմամբ` «արվեստը իրականությունը չէ, արվեստի կանոններն ուրիշ են»:


Ռ. Բաբայանը չափազանց կարևոր է համարում արվեստի ամենակարևոր սկզբունքի պահպանումը, այն է` արվեստը պետք է արթնացնի հանդիսատեսի մոտ երևակայություն:


«Նա, ում երևակայությունը սկսում է աշխատել, սկսում է ստեղծագործել, մտածել: Մենք կարիք ունենք հասարակության, որի երևակայությունը կաշխատի, որը կսկսի մտածել ազատ, որին բավական է ինչ-որ բան, որ ինքը մնացածը շարունակի: Երբ այդպես է, նա դառնում է ստեղծագործող», - ամփոփելով խոսքը` հայտնեց Ռ. Բաբայանը:


08.08.2009, 16:58

Aysor.am

No comments:

Post a Comment