
Այսօր Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանդիպում էր կազմակերպել Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև ակտիվ երիտասարդների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, երիտասարդության ոլորտի պատասխանատուներ:
Ա. Գրիգորյանը, շնորհավորելով երիտասարդներին օրվա կապակցությամբ, ցանկացավ առողջություն ու հաջողություններ: Նախարարը տեղեկացրեց, որ հանդիպման նման ձևաչափ է ընտրվել` ավելի մտերմիկ զրուցելու և քննարկելու բոլոր առաջարկությունները, ինչպես նաև երիտասարդներին առնչվող խնդիրները:
Նախարարը հայտնեց նաև, որ նախարարությունն այս տարի նախատեսում է իրականացնել շուրջ 150 մեծ և փոքր միջոցառումներ` նվիրված երիտասարդներին: Նա նշեց նաև, որ երիտասարդների հարցերով օրինագիծ է նախատեսվում ներկայացնել ԱԺ քննարկմանը:
Առաջնային համարելով սոցիալ-տնտեսական խնդրի լուծումը` նախարար Ա. Գրիգորյանը ներկաներին հայտնեց, որ նախարարությունն իրականացնում է ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարությունը` երիտասարդ ընտանիքներին օժանդակել մատչելի բնակարանների ձեռքբերելու հարցում:
«Մատչելի բնակարանները ձեռք են բերվում հիպոթեքային ծրագրով, որով Երևան քաղաքի, Հայաստանի շրջանների և սահմանամերձ գոտիների նորաստեղծ ընտանիքների համար տարբեր տոկոսադրույքներ են սահմանված», - մանրամասնեց նախարարը:
Ա. Գրիգորյանը հավաստիացրեց նաև, որ ցանկացած խնդրում նախարարությունը «պատրաստ է օժանդակել երիտասարդներին»:
12.08.2009, 15:04
No comments:
Post a Comment