
«Ես չափազանց տխրում եմ, երբ մեր «աստղերի» կողմից բազմիցս լսում եմ, թե «ի՞նչ կապ ունի հայկական շեշտադրումը, ի՞նչ պարտադիր է, որ շատ գեղեցիկ ու պոետիկ լինեն երգի խոսքերը»: Սա շատ տխուր է. նա, ով այդպիսի բան է ասում, նրա հայրը պետք իրեն վատ զգա: Եվ սա միայն մեկին չի վերաբերում», - կարծում է երգչուհի Աննա Մայիլյանը, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց երաժշտական արվեստի թերություններից ու խնդիրներից:
Չցանկանալով վատաբանել երգարվեստով զբաղվող և ոչ մեկին, երգչուհին փաստեց, սակայն, որ «մենք մեր մշակույթի մեծ մասը կորցրել ենք և եթե շարունակենք կորցնել` կործանման կտանենք մեր ազգին»: Այս հանգամանքը Ա. Մայիլյանը բացատրում է նաև արտաքին ուժերի ազդեցություններով` այն ուժերի, ովքեր չեն ցանկանում, որ Հայաստանը կայանա` իբրև առանձին մշակույթ ու պետականություն ունեցող երկիր:
«Հայ ժողովուրդը միշտ առանձնացել է իր շատ հետքրքիր մշակույթով», - ասաց Ա. Մայիլյանը:
Միևնույն ժամանակ երգչուհին վստահ է, որ հենց հայի մեծահոգությունն ու հյուրասեր լինելը հանգեցրեցին նրան, որ մենք կորցրեցինք Տիգրան Մեծի ձեռքբերած հայրենիքը:
«Մենք հիմա խուսափում ենք հայրենասիրություն, մշակույթ, Կոմիտաս բառերից: Շատ անգամ այսօրվա մեր երաժիշտներից ենք նույնիսկ լսում` «հերիք չէ՞ Կոմիտասի մասին խոսենք»: Ինչպես է հերիք, չի հերիքի երբեք, որովհետև առայսօր Կոմիտասի գործը միակն է մնում, որովհետև նա փրկեց մեր ազգի մշակույթը», - ընդգծեց Ա. Մայիլյանը:
Երգարվեստում տեղի ունեցող ռեգրեսը երգչուհին բացատրում է նաև ցածր ինտելեկտով: Ըստ նրա, այս սերունդը խիստ տարբերվում է սովետական դպրոցում նորմալ կրթություն ստացած սերունդից. «մեր երիտասարդները գիրք չեն կարդում բացարձակապես»: Ա. Մայիլյանի համոզմամբ` հենց ցածր ինտելեկտի հետևանքով է, որ այսօր «նույնիսկ դասական երգարվեստում նկատելի են որակի ցածրացման միտումներ»:
08.08.2009, 15:00
No comments:
Post a Comment