Friday, October 2, 2009

Հանրահայտ ռոք-աստղերը Հայաստանում են


«Երբ երկարշարժը եղավ, Արևմուտքի մարդիկ խիստ մտահոգվեցին: Անգլիայում մեր մտահոգությունն այն էր, որ ցանկանալով օգնել մի երկրի, չգիտեինք` ինչպես օգնել, քանի որ այն գտնվում էր Խորհրդային Միության կազմում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին և հավելեց, որ բարեբախտաբար այն ժամանակ Գորբաչովը թույլատրեց հատուկ Հայաստանին արևմուտքից եկող օգնության համար մուտքը:


Հիշեցնենք, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը կյանքի կոչվեց 20 տարի առաջ` 1989 թ-ին Ջոն Դիի կողմից, ով այդ թվին այցելել էր Սպիտակ և Լենինական` նկարահանումներ կատարելու նպատակով: Վերադառնալով Լոնդոն`Ջոն Դին որոշեց միավորել ռոք երաժշտության գերաստղերին և հատուկ սկավառակ ձայնագրել, որի ողջ հասույթը կփոխանցվեր աղետի գոտուն:


1989 թ-ի ամռանը և աշնանը Լոնդոնի հանրահայտ «Metropolis Studios»-ում կայացավ «Deep Purple» խմբի «Smoke on the Water» երգի ձայնագրությունը: Ձայնագրությանը մասնակցել են աշխարհահռչակ «Queen», «Pink Ployd», «The Who», «Deep Purple», «Black Sabbath», «Iron Maiden» և այլ խմբերի երաժիշտներ: Բացի համատեղ ձայնագրությունից, խմբերից յուրաքանչյուրը նվիրաբերեց մեկական երգ, և 1990 թ-ին թողարկվեց ձայնասկավառակ, որի վաճառքից գոյացած միջոցները տրամադրվեցին աղետից տուժած Հայաստանին:


Այս առիթով «Մեդիամաքս» գործակալությունը իրականացնում է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի բոլոր մասնակիցներին: Նշենք նաև, որ նախագիծը հնարավոր է եղել իրագործել ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ, ինչպես նաև «Հայռուսգազարդ» ընկերության և «BMI» ավիաընկերության հովանավորության շնորհիվ:


Հիշեցնենք, որ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսին հրամանագրեր ստորագրեց Իէն Գիլանին («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ), Թոնի Այոմիին («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) Ջեֆ Դաունսին («Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի աստղ Փեթ Քեշին և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ Ջոն Դիին «Պատվո շքանշանով» պարգևատրելու մասին: Վերջիններիս այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահի անունից հանձնեց «Պատվո շքանշանները»:


Հարկ է նշել, որ նախագահի բարձր պարգևին են արժանացել նաև Բրայան Մեյը («Queen» ռոք-խմբի հիմնադիր անդամ) և Դէվիդ Գիլմորը («Pink Floyd» ռոք-խմբի հիմնադիր անդամ):


Մամուլի ասուլիսի ժամանակ Ջոն Դին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը` իրենց աշխատանքը գնահատելու համար, ինչպես նաև այն մարդկանց, ում շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը:


02.10.2009, 13:57

Aysor.am

No comments:

Post a Comment