Friday, October 2, 2009

Վարչապետի «ամենաերջանիկ օրը». պարգևատրում է ռոքի աստղերին


«Ես իմ կյանքում երբեք չէի կարող պատկերացնել, թե աշխարհահռչակ երաժիշտներին, որոնց արվեստի երկրպագուն եմ եղել, պատիվ եմ ունենալու պարգևներ հանձնել։ Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Բարով եք եկել Հայաստան, ընդունեք իմ անկեղծ շնորհակալությունը ձեր ներդրման համար, ձեր մարդասիրական մոտեցման համար»,- հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօր ընդունել և պարգևատրել է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ ռոք աստղերին:


Հիշեցնենք, որ 1989 թ-ին «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում աշխարհահռչակ մի շարք ռոք աստղեր համատեղ ձայնագրեցին «Smoke on the Water» երգը, ինչպես նաև իրենց խմբերի մեկական երգերից կազմված համնուն ձայնասկավառակը, որի վաճառքից ստացած ողջ հասույթն ուղարկեցին Հայաստան` Սպիտակի երկրաշարժի գոտի:


«Մեզ համար այսօր մեծ պատիվ է ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի պարգևները հանձնել ձեզ։ Երկրաշարժից անցել է 20 տարի, բայց հայ ժողովուրդը մի կողմից խորը կսկիծով է հիշում այն կորուստները, որ ունեցել ենք, այն մարդկային զոհերը, որ եղել են, մյուս կողմից` մենք լցված ենք մեծ զգացմունքներով այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ օրերին մեզ հետ էին, և մենք զգացինք, որ աշխարհը շատ փոքր է»,- հանդիպման ժամանակ ասել է Տ. Սարգսյանը:


ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ նախագահի անունից Հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար «Պատվո շքանշաններ» է հանձնել ռոք երաժշտությանաստղեր «Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանին, «Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմիին, «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսին և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դիին, ինչպես նաև ՀՀ վարչապետի հուշամեդալ է շնորհել մեծ թենիսի աստղ Փեթ Քեշին, ով ևս մասնակցել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծին:


«Աշխարհի տարբեր մասերից մենք ստացանք օգնություն, և այսօր այն պահն է, երբ մենք ուզում ենք մեր շնորհալության խոսքը հայտնել ձեր միջոցով այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ օգնում էին», - ընդգծել է վարչապետը:


ԱՅՍՕՐ, 15:17

Aysor.am

No comments:

Post a Comment