
Ջավախքի Սաթխա գյուղը, որն ունի շուրջ 5500 բնակչություն և 700 տնտեսություն, իր օրվա ապրուստը վաստակում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: Բնակիչների խոսքով նաև` այստեղ խնդիր կարելի է գտնել ցանկացած ոլորտում:
«Մերն ապրելիք չէ, քաշելիք է. ամեն պրոբլեմ էլ կա, ի՞նչ ունենք որ. ոչ մի բան էլ չունենք, մի հատ հավի ու կովի ապրուստով ենք մնացել»,- Aysor-ի հետ զրույցում նշեց գյուղի բնակիչ 44-ամյա Սպիրիդոն Ստեփանյանը, ով ներկայացավ որպես «գյուղի տրակտորիստ»:
Ս. Ստեփանյանի խոսքերով, սակայն, իրենց չի հաջողվում նույնիսկ բավարար պայմաններով գյուղատնտեսությամբ զբաղվել, քանի որ «ոչ մեկը չկա, որ օգնության ձեռք մեկնի»: Այսպես, օրինակ, 20 լ վառելիք գնելու դիմաց, ըստ նրա, 1 կով են պահանջում (նույն գինն է):
«4 մեշոկ կարտոշկա կտանինք Թիֆլիս, 2-ը ձեռքներիցս կառնեն, Հայաստան կուգանք` Հայաստանում ռաստամոժկա կուզեն, էլ ինձ որտեղի՞ց 60 լարի, որ 4 մեշոկ կարտոշկա ռաստամոժկա անեմ»,- նկարագրեց Ս. Ստեփանյանն ու հավելեց, որ իրենց վիճակը «2 քարի արաքից էլ է բեթար. հետևը սուր, առաջը թուր, չգիտեն` ի՞նչ պետք է անեն»:
Գյուղացին ասաց, որ ոչ մի լավ բան չեն տեսնում և ոչ մի լավ բանի հույս էլ չունեն: Գյուղում վերջին 22 տարվա ընթացքում տեղի ունեցած միակ փոփոխությունը, ըստ նրա, ոռոգման ջուրն է, որը եթե չլիներ «գյուղում միայն չոր գերեզմանները կմնային»:
«Մեր պրոբլեմն առաջին հերթին դակումենտերն են: Մեզ ո’չ Հայաստանն է պետք, ո’չ Վրաստանը, մեզ մի դակումենտ տան` գնանք Ռուսաստան, մեր ապրուստը կճարինք, ուրիշ ոչ մի բան պետք չէ»,- հայտնեց Ս. Ստեփանյանը, ով արտագնա աշխատանքի մեջ է միայն տեսնում գյուղի բնակչության խնդիրնների լուծումը, և հավելեց. «Մենք պետք է դուրս գանք, մենք աշխատավոր ժողովուրդ ենք, մենք ջավախքցի ենք, մենք կռիվ չենք սիրե, մենք աշխատանք ենք սիրում»:
Ըստ նրա` համապատասխան փաստաթղթեր տրամադրելու հարցում իրենց կարող է օգնել միայն վրացական իշխանությունը, քանի որ «Հայաստանն իր անելիքն արել է` ջավախքահայերին տալով երկքաղաքացիության իրավունք»: Այս առիթով նա նշեց, որ գյուղից շուրջ 670 երիտասարդ, երկքաղաքացիություն ստանալով, կարողացել է մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանք կատարելու: Իսկ առհասարակ փաստաթուղթ ստանալու համար էլ, Ս. Ստեփանյանի խոսքերով` «100 լարի են պահանջում, որով մի ընտանիքը 2 ամիս կարող է ապրել»:
«Խոսք են տվել, բայց արդեն 5 ամիս է մեզ ոչ մի դակումենտ չեն տվել: Երեխաս բանակի տարիքին է, էլի բանակից չենք խուսափի, բայց տղես Վրաստանի քաղաքացի է, իսկ մենք Վրաստանից ոչինչ չենք տեսնի, ու՞մ համար ծառայի»,- սրտնեղվեց գյուղացին, բայց հավելեց, որ եթե բանակից խուսափող լիներ, կամավոր կերպով չէր մասնակցի Արցախի ազատագրական հերոսամարտին:
65-ամյա Նազիկ Բրոյանը, սակայն, չի դժգոհում իրենց վիճակից, չնայած, իր խոսքերով, գյուղում ապրում են ինքն ու ամուսինը` երկու թոշակառու, ովքեր իրենց թոշակով ոչինչ չեն կարողանում անել:
«Երեխաներս Ռուսաստան կապրին` 4-ը, մեր ամբողջ ապրուստն էնտեղից կուգա: Ամեն ամառ թոռներս կուգան մեզ մոտ արձակուրդ, հայրենի գյուղի գետերը, լեռները, այս լավ վայրերը տեսնելու»,- թոռների գլուխը շոյելով պատմեց տիկին Նազիկը:
Տիկին Նազիկի խոսքերով` գյուղում գրեթե չկա մի ընտանիք, որում արտագնա աշխատանք կատարողներ չլինեն: Մինչդեռ գյուղի բնակչուհի Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում ի՞նչ աշխատանք և որտե՞ղ կատարի: Նա համոզված է, որ ցանկության դեպքում` մարդիկ այդ նույն աշխատանքը կարող են գտնել ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Միևնույն ժամանակ նկատեց, որ գյուղից հեռանում են հիմնականում երիտասարդները, ովքեր «Սաթխայում ապագա չեն տեսնում»:
Անկախ խնդիրներից` բոլորը միակարծիք էին այն հարցում, որ գյուղն աջակցության կարիք ունի, և եթե գյուղում էլ ստեղծվեն ապրելու, սովորելու ու գործելու պայմաններ` «ոչ ոք էլ ոչ մի տեղ չի գնա»:
Լիլիթ Բունիաթյան
05.06.2010, 13:32
No comments:
Post a Comment