
Ջավախքի Սաթխա գյուղի բնակիչները հպարտանում են, որ իրենց գյուղում հայկական եկեղեցին գտնվում է բարեկարգ վիճակում, մինչդեռ վրացականը` «անտերության մատնված` փլատակների է վերածվելու»:
«Որտեղ հայ` այնտեղ եկեղեցի» արտահայտությունը բնորոշ է նաև Ջավախքին: Ինչպես ամեն տեղ, այնպես էլ Ջավախքում, հայերն առանձնահատուկ դերակատարում ու կարևորություն են տալիս Հայ Առաքելական եկեղեցուն:
Այնուամենայնիվ, շուրջ 5500 բնակչություն ունեցող Սաթխա գյուղի համար կա մեկ գործող եկեղեցի, սակայն քահանան էլ մեկն է` ամբողջ շրջանի համար: Գյուղի բնակիչները ստիպված շրջանի քահանային այլ բնակավարից կանչում են` ցանկացած ծես կատարելու համար, իսկ եկեղեցական գլխավոր տոների ժամանակ` քահանան ստիպված է մեկ օրվա ընթացքում մի քանի շրջանում տարբեր ժամերի պատարագ մատուցել:
Aysor-ի հետ զրույցում Ջավախքի Սաթխա գյուղի բնակչուհի տիկին Արուսյակը նշեց, որ, չնայած հոգևորականի պակասը լրացվում է, սակայն ինքը դեմ չէր լինի, որ գյուղի հոգևորականը լիներ հենց գյուղից:
«Հավանաբար մեր գյուղից ոչ մեկ չի ցանկացել ճեմարանում ուսում ստանա, հետո գա ու այստեղ քահանայություն անի, թե չէ հենց մեր գյուղից կլիներ մեր քահանան»,- քահանայի բացակայության հանգամանքը մեկնաբանեց տիկին Արուսյակը:
Աղանդավորական խմբեր կան նաև Ջավախքում: Տիկին Արուսյակը չի սրտնեղվում դրանից, քանի որ «ամեն մեկն իր պաշտամունքն ունի, և իրեն ոչինչ չի կարող ստիպել, որ ինքն իր հավատը փոխի` աղանդավոր դառնա»:
Նշենք, որ Նինոծմինդա շրջանի, այդ թվում Սաթխա գյուղի հոգևոր սպասավոր տեր Արմաշ քահանա Պողոսյանը, հրաժարվեց Aysor-ի հետ խոսել Ջավախքում առկա հոգևոր խնդիրներից, ինչպես նաև այն խոչընդոտներից, որոնք առաջանում են Վրաստանում` մինչ օրս Հայ առաքելական եկեղեցու պետականորեն գրանցված չլինելու հանգամանքից ելնելով:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու` Վրաստանում պետականորեն գրանցում ստանալու խնդիրը կարևորվում է ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգությանը տեր կանգնելու տեսանկյունից: Եզակի չեն այն դեպքերը, երբ Վրաստանում հայկական եկեղեցիները վերանորոգելու պատրվակով, դրանցում հայերեն մակագրությունները հիմնովին ոչնչացվում են, քանդվում է հայկական եկեղեցիներին բնորոշ բեմը և եկեղեցին վերջնականապես վրացականացվում է, շատ դեպքերում էլ հիմնահատակ ոչնչացվումեն հայկական եկեղեցիներն ու դրանց շրջապատող ցանկացած հայկական տարր` սկսած խաչքարերից մինչև հայկական մակագրություններով գերեզմանաքարեր:
Լիլիթ Բունիաթյան
05.06.2010, 13:43
No comments:
Post a Comment