
«Օրինաց երկիր» կուսակցությունն ի սկզբանե կողմ է եղել այլընտրանքային կամ օտրալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով նշեց նաև, որ կուսակցությունը դեռևս 2005 թ-ին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` միտված դպրոցներում օտար լեզվի դասավանդման որակի ու մակարդակի բարձրացմանը` հենց առաջին դասարանից, որը չի ընդունվել:
«Մենք գտնում ենք, որ որքան հանրակրթության մեջ օտար լեզվի դասավանդման որակը բարձրացվի, այնքան շահելու են մեր երեխաները, և չենք ընդունում այն պարզամիտ շահարկումները, թե օտար լեզվի ուսուցումը կատարվելու է մայրենիի հաշվին. մայրենին` մայրենիի տեղն ունի, օտար լեզուն` օտար լեզվի»,- մանրամասնեց Ա. Բաղդասրայանն ու իր տեսակետը հիմնավորեց նրանով, որ զարգացած երկրների քաղաքացիները տիրապետում են միաժամանակ մի քանի օտար լեզվի` փայլուն իմանալով իրենց մայրենին:
ԱԱԽ քարտուղարը նկատեց, որ հարցը արհեստական շահարկումների և քննարկումների արժանացավ: Նա նշեց, որ ՕԵԿ-ը գտնում է` «1500-ից ավելի հանրակրթական դպրոցների կողքին 2 մասնավոր դպրոցների գոյությունը Հայաստանի ազգային ավտանգությանն ամենևին վտանգ չի սպառնում, մենք խոհեմ որոշում ենք կայացրել, մանավանդ, որ այդ դպրոցներում օտար լեզվով ուսուցումը կատարվելու է 7-րդ դասարանից»:
«Նախ, հայրենակիցներ, դուք պետք է գտնեք 9 կառավարություն, որոնք ցանկություն կունենան Հայաստանում միջպետական պայմանագրով դպրոց ստեղծել, գիտեք դա այդքան հե՞շտ է, իտալացին յալվա՞ր է` գա Հայաստանում միջպետական դպրոց ստեղծի, էլ դարդ ու ցավ չունի՞, ուրիշ երկիր չկա՞»,- հարցրեց Ա. Բաղդասարյանը, ով բացատրեց նաև, որ «խոսքը հնարավորություն տալու մասին է, որ մեր հայրենակիցն այդ հնարավորությունը գտնի այս երկրում, ոչ թե հարևան Վրաստանում, իսկ հնարավորություն տալը չի նշանակում դեմ գնալ ազգի անվտանգությանը»:
Ա. Բաղդասարյանի դիտարկմամբ` խնդրի վերաբերյալ կան 2 տեսակի խմբավորումներ` շահարկողներ և իրական մտահոգվածներ:
«Իմ ուղերձը իրապես մտահոգվածներին է ուղղված. չմտահոգվե'ք, հայրենակիցնե'ր, որովհետև 1500 դպրոցի կողքին 2 դպրոցը վնաս չէ, իսկ շահարկողներին ինչ էլ ասես, միևնույն է, շահարկելու են, Աստված իրենց հետ»,- ամփոփելով իր խոսքը` ասաց Ա. Բաղդասարյանը:
25.06.2010, 19:30
No comments:
Post a Comment