Monday, June 21, 2010

«Տգետներին պետք է բացատրվի, թե ինչ է ազգային դպրոցը …»


Ըստ երգիչ, երգահան Վահան Արծրունու` զարմանալի է, եթե որևէ մեկը չարձագանքի օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնությանը: Ավելին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իր շրջապատում բոլորը դեմ են նախաձեռնությանը:


«Իմ շրջապատում շատերը, նույնիսկ ես, ունենք ռուսական կրթություն, և պետք է որ մենք կողմ լինեինք այս նախաձեռնությանը, բայց զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր, կարծես թե, կրթվել և ձևավորվել են ազգային դպրոցի և ազգային հասկացողությունների ներքո, ինձ համար անհասկանալի կերպով, որոշել են ստեղծել մի զանգված` մի ոտատեղ, որտեղ հետագայում կկարողանան ապահովել բազմակողմ կրթություն իրենց երեխաների ու զավակների համար»,- հայտնեց Վ. Արծրունին:


Ըստ երաժշտի` նախաձեռնությունը «սոցիալական տարաձայնությունների և սոցիալական խորացող շերտավորման խնդիր է»: Ըստ նրա` այն խավը, որը հնարավորություն ունի դրական փոփոխություններ անելու, որովհետև մտահոգված է, թե ինչ միջավայրում պետք է մեծանան ու կրթվեն իրենց երեխաները, իրենց «նեղ խավային խնդիրը դարձրել են ազգային խնդիր և առաջացրել են հսկայական ալեկոծություներ ու տարաձայնություններ` հատկապես մտավորականության շրջանում»:


«Բնական է, քանի որ անկիրթ մարդը չի կարող խորապես գիտակցել, որ այս որոշումը կարող է խարխլել ամենահիմնավոր հասկացողությունները` և’ պետականության, և’ ազգային մտածողության, և’ ազգային նկարագրի»,- ընդգծեց Վ. Արծրունին:


Երգչի խոսքերով, սակայն, իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, քանի որ «ազգային խնդիրների վերաբերյալ մեր ազգը ռեֆլեքս ունի և ճշգրիտ պահերին ճշգրիտ ձևով է դրսևորվում»:


«Ես հավատում եմ դրան և բազմիցս ականատես եմ եղել նման դրսևորումների, հիմա պետք է պարզապես փաստել, որ դեռ գտնվում եք այնպիսի շրջանում, որ որոշ տգետների պետք է որերորդ անգամ բացատրվի, թե ինչ է ազգային դպրոցը, ինչ է հայոց լեզուն և ինչ է նշանակում ազգային պետությունը»,- ամփոփելով իր խոսքը` նշեց Վ. Արծրունին:


21.06.2010, 18:00

Aysor.am

No comments:

Post a Comment