Monday, June 21, 2010

«Ադոյանի գրությունն արդեն օրե՞նք է մեր Հանրապետությունում»


«Համերգի անցկացման մերժումը անհիմն է, քանի որ հիմք է ընդունվել 22.04.2010 թ-ի «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրենի` Մարտուն Ադոյանի կողմից ներկայացված մի գրություն, ըստ որի` Մ. Ադոյանը խնդրում է քաղաքապետարանին թույլ չտալ զանգվածային միջոցառումներ իրականացնել «Մոսկվա» կինոթատրոնին հարակից` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնողական խմբի անդամ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից հունիսի 19-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խորագիրը կրող համերգը կազմակերպելու մերժման որոշմանը:


Նշենք, որ համերգին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել տասնյակից ավելի երաժիշտներ, այդ թվում` Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը, «Արմենոիդս» խումբը և այլոք: Հայտնենք նաև, որ համերգի կամակերպիչներին չի առաջարկվել համերգն անցկացնել մեկ այլ վայրում:


Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ նախ համերգի անցկացումը մերժվել է` պայմանավորելով աղբահանության խնդիրներով, այնուհետև «ի հայտ է եկել Մ. Ադոյանի գրությունը»:


«Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա ցանկացած մշակութային կառույցի կամ այլ օբյեկտի տնօրեն կարող է դիմել քաղաքապետարանին` արգելելու ցանկացած զանգվածային միջոցառման անցկացում»,- նշեց Ա. Հարությունյանն, ով նկատեց նաև, որ նույնիսկ քաղաքապետարանի կողմից ընդունված Մ. Ադոյանի գրությունն է «աշխատում բացառիկ դեպքերում, քանի որ այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի են ունենում համերգի նախապատրաստության աշխատանքներ»:


«Մենք խնդրեցինք քաղաքապետարանի ներկայացուցչին բացատրել, թե ո՞ր օրենքով են կարգավորելու մեր հարաբերությունները, ո՞ր օրենքով ենք մերժվելու, քանի որ «Զանգվածային միջոցառումներ մասին» ՀՀ օրենքի համաձայն` քաղաքապետարանը 72 ժամվա ընթացքում պետք է քննարկի հարցը և պատասխան ներկայացնի, մինչդեռ նա` Գագիկ Բաղդասարյանը հայտնեց, որ «համերգը չի կարգավորվում «Զանգվածային միջոցառումների անցկացման մասին» ՀՀ օրենքով, փոխարենը` կարգավորվելու է ընկերական հարաբերություններով ու տրամաբանությամբ»»,- հայտնեց Ա. Հարությունյանը, ով ամփոփելով իր խոսքը` ընդգծեց. «Մերժման փաստաթղթում ոչ մի օրենքի վրա հղում չկա, հղումը մեկ գրության վրա է, այսինքն` Ադոյանի գրությունն արդեն օրե՞նք է մեր Հանրապետությունում»:


Ա. Հարությունյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանի որոշումը նախաձեռնողական խումբը բողոքարկելու է համապատասխան ատյաններում:


21.06.2010, 15:28

Aysor.am

No comments:

Post a Comment