«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մեկնարկը տրվելու է ծիրանի օրհնությամբ, որն այս տարի անցկացվելու է Ս. Զորավոր եկեղեցում` հունիսի 11-ին` 15:00-ին»,- հայտնեց «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը:
Վ. Հակոբյանը նշեց, որ 11-ի երեկոյան` ժ. 19:00-ից ակսած «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շարլ Ազնավուրի հրապարակում կկազմակերպվի փոքրիկ համերգային ծրագիր, որին կհաջորդի փառատոնի պաշտոնական բացումը:
«Այս տարի մենք ունենք այն, ինչ վաղուց ցանկանում էինք ունենալ. այս տարի մենք նախատեսում ենք կինոերաժշտության ջազ փառատոն, որը փառատոնի օրերին երեկոյան ժամերին կհնչի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում»,- տեղեկացրեց Վ. Հակոբյանը:
Փառատոնի շրջանակներում ջազ փառատոնի անցկացման կազմակերպիչը կլինի ջազմեն Լևոն Մալխասյանը: Ծրագիրը մրցութային ձևաչաթում է իրականացվելու և փառատոնի ավարտին ընտրվելու են լավագույն կատարողները:
Վ. Հակոբյանը հայտնեց նաև, որ այժմ բանակցություններ են ընթանում ևս երկու նորաոճ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսպես` փառատոնը նախատեսում է փառատոնի օրերին երեկոյան ուշ ժամերի` սկսած 23:00-ից, ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կազմակերպել Երևանի Սիրահարների այգում: Բացի այդ` նախատեսվում են նաև ակումբային ցուցադրություններ, որոնք, հավանաբար, կիրականացվեն Ուլիխանյան ակումբում:
Տեղեկացնենք նաև, որ այս տարի փառատոնի շրջանակներում իրականացվող հետահայաց ցուցադրությունների ծրագիրը տեղի կունենա Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում: Այստեղ կանցկացվեն նաև ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85 և օպերատոր Ալբերդ Յավուրյանի 75-ամյակներին նվիրված միջոցառումները, փառատոնի հյուրերի հետ հանդիպումները, ինչպես նաև` վարպետության դասերը:
25.06.2010, 19:45
No comments:
Post a Comment