
«Ժողովրդական առածը չպետք է մոռանանք` «Խաղություն ես ուզում, պատերազմին պատրաստ եղիր». մենք այսօր պատրաստ ենք զարգացման ցանկացած սցենարի, բայց ես չեմ պաշտպանում մեր հասարակության մեջ տարածվող այն արհեստական ասեկոսներն ու լուրերը, թե շուտով պատերազմ է լինելու, ընդհակառակը` ես դատապարտում եմ նման հայտարարությունները»,- հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ և հավելեց. «Ուղղակի մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք բարդ տարածաշրջանում, ունենք չկարգավորված հակամարտություն, և սա նշանակում է, որ քանի դեռ տիրում է այս հարաբերական խաղաղության ժամանակաշրջանը, մեր զինված ուժերը պետք է պատրատ լինեն ցանկացած ագրեսիայի դիմակայման»:
Ա. Բաղդասարյանն իր խոսքում նաև մեկ այլ թևավոր մեջբերում կատարեց, առ այն, որ ընդունված է ասել` պատերազմներից հետո են հուշարձաններ դրվում, այն դեպքում, երբ խաղաղությունը շատ ավելի թանկ արժե, քան պատերազմը:
«Չնայած, որ խաղաղության համար հուշարձան չեն դնում, բայց մեր երկրի քաղաքական ղեկավարության ջանքերն ուղղված են, որպեսզի մենք կարողանանք հաստատել արժանապատիվ խաղաղություն` մեր տարածաշրջանում, և ապահովենք ԼՂՀ հիմնախնդրի արդարացի լուծում, որը ենթադրում 3 գործոնի առկայություն, որի շրջանակներում էլ բանակցային գործընթացը շարունակվում է»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ երեք գործոններն են` ԼՂ կարգավիճակի ճշգրտումը կա'մ անկախ Ղարաբաղ, կա'մ Հայաստանի հետ մավորված Ղարաբաղ, երկրորդ` ուղիղ ցամաքային կապ, այն է` միջնորդավորված կապի բացակայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, և երրորդ` անվտանգության համալիր միջոցառումների երաշխիքների առկայություն:
«Մենք պետք է մեր հնարավորությունները մաքսիմալ օգտագործենք` անվտանգության ռեալ երաշխիքներն ունենալու համար, և վերջին միջադեպը ցույց տվեց այս պնդման հիմնավորումը»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ա. Բաղդասարյանը:
25.06.2010, 12:58
No comments:
Post a Comment