Saturday, June 26, 2010

«Արցախն իմ աչքերով»` լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ: Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց նախարարության երիտասարդության հարցերով բաժնի պետ Տիգրան Աթանեսյանը, ցուցահանդեսն իրականացվելու է օնլայն (online) ձևաչափով և կրելու է «Արցախն իմ աչքերով» խորագիրը:


Տ. Աթանեսյանի խոսքերով` ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր երբևէ լուսանկարել են Արցախը` իր այս կամ այն դրսևորումով` բնապատկեր, հուշարձան, մարդիկ և այլն: Առաջնահերթությունը տրվելու է սիրողական լուսանկարներին, քանի որ, ըստ Աթանեսյանի, «պրոֆեսիոնալ լուսանակարն արդեն իսկ դատապարտված է հաջողության»:


Ցուցահանդեսը օնլայն ձևաչափով անցկացնելու հանգամանքը թույլ է տալիս մասնակցություն` ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից: Մասնակցել ցանկացողները կարող են իրենց նախընտրած լուսանկարը տանել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարություն կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, այնպես և JPEG ձևաչափով ուղարկել arcaxit@gmail.com էլեկտրոնային հասցեով` լուսանկարին կցելով հեղինակի և լուսանակարի մասին տեղեկատվություն և նկարագրություն` որտե՞ղ է նկարահանվել, ե՞րբ է նկարահանվել և այլն:


«Նմանօրինակ ցուցահանդես մենք կազմակերպում ենք առաջին անգամ: Օնլայն ձևաչափով ցուցահանդեսի իրականացումն ունի մի քանի դրդապատճառներ»,- հայտնեց Տ. Աթանեսյանն ու հավելեց, որ այն նախ հնարավորություն է տալիս ինտերնետից, հատկապես` սոցիալական ցանցերից, օգտվող լայն զանգվածների հասանելի դարձնել ներկայացված աշխատանքներն ու ցուցահանդես-մրցույթի իրականացումը, ինչպես նաև` թույլատրում է միջոցներ խնայել:


Հայտնենք նաև, որ ցուցահանդեսի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 6-ը: Ցուցահանդես-մրցույթին ներկայացված աշխատանքների գնահատումը ևս կիրականցվի օնլայն ձևաչափով: Լուսանկարաները կտեղադրվեն բոլորին քաջ հայտնի սոցիալական կայքերում, այդ թվում` Facebook, Odnoklassniki, Vkontakte, MySpace, Twitter և այլն, որտեղ էլ կիրականացվի քվեարկությունը: Արդյունքներն ամփոփելուց հետո լուսանակարները կտեղադրվեն առանձին կայքում:


Տ. Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ ցուցահանդես-մրցույթի հաղթող աշխատանքները նախարարության կողմից խորհրդանշական դրամական պարգևների կարժանանան` առաջին տեղի համար 20 հազար դրամ, երկրորդի` 15 հազար դրամ և երրորդի` 10 հազար դրամ արժողությամբ:


«Կոչ եմ անում բոլորին մասնակցել ցուցահանդեսին և ներկայացնել Արցախը` ձեր աչքերով»,- զրույցի վերջում` նշեց Տ. Աթանեսյանը, ով նկատեց, որ նմանօրինակ միջոցառումները միտված են Արցախի մասին տեղեկատվության քարոզմանը, ինչն այսօր, հաշվի առնելով տեղեկատվական պատերազմը Արդբեջանի հետ, անհրաժեշտ է Արցախին, և հավելեց. «Արդբեջանն անընդհատ իր սուտն է կրկնում: Մենք սուտ ասելու կարիք չունենք, սակայն մենք էլ աշխարհին պետք է ցույց տանք այն, ինչ ունենք»:


25.06.2010, 10:43

Aysor.am

No comments:

Post a Comment