Saturday, November 21, 2009

Վարչապետի հանրապետականացումը «սենսացիա» չէ ՀՀԿ-ի համար


«Այն, որ վարաչապետը դարձել է Հանրապետական, մեզ համար սենսացիա չէ, այլ ազատ կամքի, իրավունքի դրսևորում»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:


Մանրամասնելով` Գ. Սահակյանը հայտնեց նաև, որ վարչապետին իրենք են առաջադրել: Նա նշեց, որ, իր կարծիքով, այստեղ չկան այնպիսի սենսացիոն մոտեցումներ` «թե ինչի՞ մտավ, ի՞նչ կլինի և այլ»:


Արդյո՞ք հնարավոր է, որ մյուս` ոչ հանրապետական նախարարները ևս դառնան Հանրապետական կուսակցության ամդամ հարցին ի պատասխան, Գ. Սահակյանը հայտնեց, որ «ՀՀԿ-ում կուսակցությանն անդամագրվելու առաջարկներ չեն լինում»:


«Սա նաև նրանից է, որ վերջին տարիներին մենք բավականին լուրջ կադրային կազմ ունենք և շահագրգռված չենք մեր շարքերը համալրել նախարարներով»,- բացատրեց խմբակցության ղեկավարը և միևնույն ժամանակ հավելեց. «Եթե նախարարները կցանկանան, կքննարկենք ու մեր գնահատականը կտանք»:


Գ. Սահակյանն անդրադարձավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանի հրաժարականին և նրան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամով` Մխիթար Մնացականյանով փոխարինելու հարցին: Նա նշեց, որ նախարարի փոփոխությունը ԲՀԿ-ն կատարել է «այն փասթաթղթի շրջանակներում, որ հաստատվել է կոալիցիոն կուսակցությունների մեջ»:


«Չեմ կարծում, որ մինչև տարվա վերջ փոփոխություններ կարող են լինել, քանի որ եթե լիներ, արդեն կուսակցությունում քննարկված կլիներ»,- հնարավոր այլ փոփոխությունների մասին հայտնեց Գ. Սահակյանն ու ավելացրեց. «Մենք աշխատում ենք շատ չմիջամտել Կառավարության լիազորությունների շրջանակին»:


20.11.2009, 15:27

Aysor.am

No comments:

Post a Comment