Thursday, November 19, 2009

Կառավարությունը խոստանում է լրամշակված բյուջե ներկայացնել


«Հակաճգնաժամային ծրագիրը մի քանի հիմնական նպատակներ ուներ, որոնցից կարևորագույնը մակրոտնտեսական կայունության, ֆինանսական կայունության ապահովումն է և կայունացման ու զարգացման համար հիմքերի ձևավորումը, որը Կառավարությանը հաջողվել է իրականացնել»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` 2010 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում:


Տեղեկացնենք, որ մինչ այդ պատգամավորները հանդես եկան մի շարք առաջարկություններով և հարցադրումներով, որի համար ֆինանսների նախարարը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ դրանց կանդրադառնան և կփորձեն մանրակրկիտ քննարկումներից հետո համապատասխան լուծումներ տալ:


«Հաջորդ տարվա պետական բյուջեն կայունացման բյուջե է, բյուջե, որը հիմք է դնելու երկրի հետագա տնտեսական աճի ապահովմանը»,- ընդգծեց Տ. Դավթյանը:


Նախարարը նշեց նաև, որ 2010 թ-ի պետական բյուջեի` պատգամավորներին ներկայացված տարբերակն այն մինիմալ ծավալն է, որն առաջիկայում կլրամշակվի և արդյունքում Կառավարությունը կկարողանա լուծել մի շարք խնդիրներ, որոնք բարձրացվել են պատգամավորների կողմից: Այդ թվում նաև` առանձնացրեց հարկային եկամուտների լրացուցիչ հավաքագրումը` ստվերի դեմ պայքարի միջոցով 17 միլիարդով ավելացնելով հարկային եկամուտների ծավալը, ինչպես նաև` գերավճարների վերադարձը, որով կխթանվի արտահանումը:


Ծախսերի մասով Տ. Դավթյանը հայտնեց, որ նախատեսվում է դրանք ավելացնել պաշտպանության ոլորտում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացումների, ավանդների վերադարձի, դպրոցաշինության և մի շարք այլ խնդիրների հետ կապված:


Եզրափակելով նիստը` ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հայտնեց, որ «Կառավարությունը պետք է ըմբռնումով մոտենա այն պատգամավորներին, ովքեր քննադատեցին Կառավարության գործունեությունը»:


«Իմ կարծիքով, այն արդյունավետ է, որպեսզի Կառավարությունը մեկ անգամ ևս վերանայի իր գործելաոճը և փորձի վերացնել այն թերությունները, որոնք կան»,- հայտնեց Հ. Աբրահամյանն ու հիշեցրեց, որ հայտարարվում է ընդմիջում` առնվազն 4 օրով, և պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկությունները Կառավարությանը կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:


19.11.2009, 21:27

Aysor.am

No comments:

Post a Comment