Thursday, November 19, 2009

«Օլիգարխներին» կարելի է բացահայտել ԱԺ-ում


«Այն, ինչ այսօր այստեղ քննարկվում է, ոչ միայն թվերի կուտակման մի փաստաթուղթ է, այլև գալիք տարվա տնտեսական քաղաքականության նախանշող փաստաթուղթ: Այս առիթով` չափազանց կարևոր է, որ այն ունենա ծրագրային հիմք»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը` այսօրվա նիստում 2010 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:


Տ. Թորոսյանը հայտնեց, որ ժամանակի սղության պատճառով ինքը կանդրադառնա վարչապետի` երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած 4 հիմնախնդիրներից միայն մեկին` «500 բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրմանը»:


«Երբ հայտարարվում էր, որ օլիգոպոլիաներ և ցածր մրցակցային մակարդակ պարունակող մեր իրականությունը պետք է շտկել, վարչապետն ասաց, որ լուծումն այդ պաշտոնյանների հայտարարագրումն է»,- հիշեցրեց Տ. Թորոսյանն ու հավելեց. «Հայտարարագրում մենք տարիներ շարունակ անում ենք, մեկ հարց է առաջանում` ի՞նչն է խնդիրը, որ այդ հարցը չի լուծվում, ուղղակի մենք չգիտե՞նք այդ օլիգարխների անուները»:


Տ. Թորոսյանի կարծիքով, «օլիգարխների» անունները տալու համար բավական է «չորս կողմը նայել և առաջին հերթին` նայել ԱԺ դահլիճին, և կտեսնեք բոլորին, ու 500-ին որոնելու կարիք չկա»: Նրա համոզմամբ` «առաջին 15-20-ին, գոնե 50-ին և նրանց ստվերային գործունեությունը բացահայտելուց հետո, որոնց եկամուտների չափի մասին շատերը շատ լավ գիտեն, 500-ին պետք չէ ոչինչ անել»:


«Իհարկե, բոլորս գիտենք, որ կաշառակերությունը, կոռուպցիան տարածված են ամբողջ պետական համակարգում, բայց խնդիրն այդ հարյուրներին կամ հազարներին չի վերաբերում, այլ տասնյակներին, իսկ քանի որ այդ տասնյակները վաղուց հայտնի են, ուրեմն կարիք չկա այստեղ ռեկլամային հայտարարություններ անել»,- ընդգծեց Տ. Թորոսյանը:


Ամփոփելով իր խոսքը` Տ. Թորոսյանը հայտնեց. «Ամեն ինչ արդեն ավելի լուրջ է, սակայն անգամ այդ 500 թվի նշումը ցույց է տալիս, որ մոտեցումը միանգամայն լուրջ չէ, այլ հիշեցնում է բազմաթիվ ռեկլամային հայտարարություններ, որոնք երբեք էլ կյանքի չեն կոչվում»:

19.11.2009, 19:17

Aysor.am

No comments:

Post a Comment