Thursday, November 19, 2009

«Պատճառը Հայաստանում գոյություն ունեցած տնտեսական ճգնաժամն է»


«Ուղիղ մեկ տարի առաջ այստեղ քննարկվում էր 2009 թ-ի բյուջեն` 9 տոկոս աճի կանխատեսումով, և այն ժամանակ մերժվում էր ճգնաժամի հետ որևէ կապ: Այսօր, երբ 9 ամիսների համար ունենք 18 տոկոսից ավելի անկում, որը ռեկորդային է` բոլոր երկրնեի հետ կապված, կարող ենք ասել, որ 27-30 տոկոսով Կառավարությունը սխալվել է իր կանխատեսումներում: Մի՞թե նման սխալներ մեկ տարվա համար` ակնհայտ երևույթների հետ կապված, կարելի է անել»,- հարցրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը` այսօրվա նիստում 2010 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:


Տ. Թորոսյանն այս ամենի պատճառը բացատրեց ոչ միայն միջազգային տնտեսական ճգնաժամով, այլ Հայաստանում գոյություն ունեցած տնտեսական ճգնաժամով: Նա նշեց, որ անցյալ տարի արդեն երևում էր, որ «մենք լուրջ ճգնաժամի մեջ ենք, քանի որ արդեն մեր արտահանումն ուներ բացասական ցուցանիշ, մի բան, որ տասը տարուց ավելի չէր եղել Հայաստանում»:


Տ. Թորոսյանն անդրադարձավ մի շարք այլ խնդիրների ևս: Նա հիշեցրեց, որ Կառավարության խոսքերով, մեր արտաքին պարտքը` ՀՆԱ-ի համեմատ, բավականին ցածր է, և հորդորեց իր գործընկերներին «չվերցնել այն գործիքները, որոնք կիրառելի են առողջ, նորմալ հարկային եկամուտներ ապահովող տնտեսությունների համար»:


«Այն, ինչ անգամ կառավարությունն է արձանագրում, 2009 թ-ի համար 34 տոկոսի արտաքին պարտք` ՀՆԱ-ի համեմատ, 2010 թ-ի համար` 46 տոկոսից ավելի արտաքին պարտք, աղետալի իրավիճակ է` ընդունեք դա, թե` ոչ»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Տ. Թորոսյանն ու հիշեցրեց, որ «2007 թ-ին արտաքին պարտքը հասել էր 13 տոկոսի, երբ 1999 թ-ին, 2000 թ-ին նույնպես 40 տոկոսին մոտ էր»:


19.11.2009, 21:09

Aysor.am

No comments:

Post a Comment