
ԱԺ այսօրվա նիստում 2010 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին ուղղված «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի հարցը վերաբերում էր վարկանիշային աղյուսակներին:
«Կառավարությունը ե՞րբ պետք է հասկանա, որ վարկանիշային աղյուսակներին պետք է քիչ լսի և քիչ հավատա, որովհետև ճգնաժամը նաև ցույց տվեց, որ այս վարկանիշային աղյուսակներն իրենք են սխալվում, և շատերն են նշում, որ ճգնաժամի մեղավորներից մեկն էլ այս վարկանշային ցուցանիշներ տվող կազմկերպություններն են, որոնք իրենց գնահատականներում նաև շփոթվում են»,- հարցրեց Ա. Նռանյանը:
«Ցանկացած երկիր, որը հավակնում է միջազգային հանրությունում ունենալ իր կշիռն ու դերակատարությունը, գնահատվում է միջազգային վարկանիշային ընկերությունների կողմից», - ի պատասխան հայտնեց Տ. Դավթյանը, ով տեղեկացրեց նաև, որ աշխարհում գոյություն ունեն երեք հիմնական վարկանիշային ընկերություններ, որոնց երկուսի հետ Հայաստանն աշխատում է («Մուդիս», «Ֆիչ»):
Նախարարի համոզմամբ` վարկանիշը դրսի ընկերությունների և կազմակերպությունների համար չափազանց կարևոր է, քանի որ Հայաստանի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող որևէ կազմակերպություն նախ և առաջ հստակեցնում է այդ վարկանիշները, որից հետո գործողություններ է ձեռնարկում:
«Վարկանիշների պահպանումն անհրաժեշտ պայման է տնտեսական աճի և ներդրումներ կատարելու համար», - ընդգծեց Տ. Դավթյանը:
Անդրադառնալով Ա. Նռանյանի տնտեսական «ռեկորդային անկման» վերաբերյալ հարցին` նախարարը հայնտեց, որ «փոքր և բաց տնտեսություն ունեցող երկրները, որոնց թվին է պատկանում Հայաստսանը, ավելի զգայուն են դրսի ազդեցությունների նկատմամբ, բայց նաև այդ երկրներն ունեն ավելի մեծ հանրավորություն արագ վերականգնվելու»:
«Մենք ավելի ուշ զգացինք տնտեսական ճգնաժամի ազդեցությունները, և, կարծում եմ, որ մենք ավելի արագ կկարողանանք վերականգնվել»,- ամփոփելով իր խոսքը` հայնտեց Տ. Դավթյանը:
19.11.2009, 15:57
No comments:
Post a Comment