
Աշխարհով մեկ սփռված սփյուռքահայ ռեժիսորները շատ հաճախ իրենց ինքնությունն են մոռանում, փոխում են անուն ու ազգանուն, ինչպես նաև ազգություն, որպեսզի ֆիլմ նկարահանելու համար օգնություն ստանան այս կամ այն կառույցից: Այս մասին այսօր իր մտահոգությունը հայտնեց «Ոսկե ծիրան» միջազգաին կինոփառատոնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ով լրագրողներին տեղեկացրեց, որ այդ խնդիրը լուծելուն է ուղղված Աշխարհի հայ կինոմատոգրաֆիստների ասոցիացիա ստեղծելու գաղափարը:
«Ալան Թերզյանի կողմից առաջարկություն եղավ` ստեղծելու Աշխարհի հայ կինոմատոգրաֆիստների ասոցիացիա և այսօր երեկոյան հրավիրել ենք բոլոր սփյուռքահայերին` քննարկելու առաջարկը»,- նշեց Հ. Խաչատրյանն ու հավելեց. «Այսօր դրվելու է Աշխարհի հայ կինոմատոգրաֆիստների ասոցիացիայի հիմքը, որպեսզի ամեն մի հայ, ով ապրում է արտերկրում, ամեն մի հայ, ով ունի օգնության կարիք, իրեն միայնակ չզգա. զգա, որ կա մի հավաքական ուժ, որը պատրաստ է իրեն օգնել` ընթանալու այս բարդ ճանապարհով»:
Ասոցիացիայի նպատակը, ըստ Հ. Խաչատրյանի, պետք է լինի այն, որ այսուհետ հայերը ոչ թե խուսափեն իրեն ինքությունից` հաջողության հասնելու համար, այլ` հայերի համար շատ ձեռնտու լինի իրենց հայ լինելը, հայկական անունը պահելը, հայ կինոմատոգրաֆիստ լինելը, հայկական կինո ստեղծելը:
Ասոցիացիայի կենտրոնը, Հ. Խաչատրյանի խոսքերով, կլինի Հայատանում, իսկ տարբեր երկրներում հայտնի հայ ռեժիսորները կգլխավորեն այդ երկրում գործող ասոցիացիայի մասնաճյուղերը: Նրա պատկերացմամբ` ասոցիացիան նախ կգործի հիմնադիր անդամների միջոցներով ու կապերով, այնուհետև պետք է ստանա պետական և մասնավոր աջակցություն:
15.07.2010, 14:05
No comments:
Post a Comment