Wednesday, July 14, 2010

Ֆ. Աքինի. Թուրքիայում «վախից դրդված շատ հոգիներ են խժռվել»


Ազգությամբ թուրք, բայց իրեն գերմանացի համարող ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Հոգու խոհանոց» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի ունեցավ նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում: Դիտումն անցավ լեփ-լեցուն դահլիճում. շատերը ֆիլմը դիտում էին գետնին նստած:


Նշենք, որ ռեժիսորի խոսքերով` սա իր միակ ֆիլմն է, որը չի պատմում իր հայրենիքի` Թուրքիայի մասին: Այս ֆիլմը մի ռեստորանատերի մասին է, ում ընկերուհին, աշխատանքի հրավեր ստանալով, լքում է իրեն: Ռեստորանատերը նախ որոշում է վաճառել ռեստորանը և հետևել ընկերուհուն, ապա դեպքերի զարգացումով պայմանավորված` ամեն ինչ անում է, որպեսզի այն պահպանի:


Նշենք, որ ֆիլմի ցուցադրումից առաջ լրագրողները առիթ ունեցան հանդիպելու Ֆ. Աքինի հետ: Հայ-թուրքական դարավոր խնդիրների մասին տեղյակ ռեժիսորը վստահ է, որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները կնորմանանան, երբ «հաղթահարվի ճշմարտությանն ուղիղ նայելու վախը»: Ըստ նրա` «արվեստը կարող է բռնել մարդու ձեռքը ու տանել ճշմարտության մութ սենյակներով»:


«Իմ հայրենիքում վախից դրդված շատ հոգիներ են խժռվել: Չգիտեմ, ես խոսում եմ որպես հայր, թե որպես մարդ, բայց հուսով եմ, որ մենք այդ վախը կհաղթահարենք և խնդիրները կլուծվեն, ու հուսով եմ, որ ես էլ այդ կտեսնեմ»,- բացատրեց ռեժիսորը:


Տեղեկացնենք, որ «Հոգու խոհանոց» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի ու «Երիտասարդ կինո» մրցանակի, ինչպես և Համբուրգի կինոփառատոնի «Բարձրարվեստ կինո» մրցանակի դափնեկիր է: Այն կարող եք դիտել նաև հուլիսի 15-ին, 19:00-ին` «Նաիրի» կինոթատրոնում:


14.07.2010, 11:33

Aysor.am

No comments:

Post a Comment