Friday, July 23, 2010

«Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը իրեն արդարացնելու համար է»


«Իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում` կապված վերջին ընտրությունների և հետընտրական զարգացումների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմնականում, հետապնդել է ավելի շատ ինքնաարդարացման նպատակ, քան նորից իշխանության գալու»,- հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառանալով ՀՀՇ-ի 16-րդ համագումարի ընթացքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին` «դեմոգրաֆիկ խնդիրների մասին, որոնք սկիզբ են առել 11-րդ դարից»:


Վ. Հովհաննիսյանի մեկնաբանությամբ` Լ. Տեր-Պետրոսյանը «նախ փորձ արեց ապացուցել, որ հայկական վերջին ժամանակների պատմության մեջ ինքը չի եղել տիրան, բռնակալ, ինչն արեց նույնիսկ մարդկանց մարտիմեկյան զոհաբերության տանելով»: Բացի այդ` ըստ պատգամավորի` նախկին նախագահը «փորձում է ապացուցել, որ կլանային համակարգը` կլանային տնտեսությունը, կաշառակերությունը, կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, իր ժամանակ ամենավատը չի եղել, և այլ հարց է, որ դրա հիմքերն իր ժամանակ են դրվել»:


«Այս 2-ը նա համարում է, որ ապացուցել է, և հիմա պետք է ձերբազատվել ամենակարևոր պիտակից: Այն ժամանակները, որ մենք անվանում ենք մութ և ցուրտ տարիներ, երբ 1 միլիոն մարդ արտագաղթեց Հայաստանից, փորձ է անում ցույց տալ, որ այդ կատաստրոֆիկ երևույթն իր ռեժիմի, իր ադմինիստրացիայի, իր կառավարման հետ չի կապված, այլ` երևույթ է, որը գալիս է 11-րդ դարից, որը մենք պետք է գիտակցենք` որպես ռեալ փաստ, որ պետք է հասկանանք, թե գոյություն ունի` անկախ որևէ մեկի կառավարման մեթոդից»,- նշեց Վ. Հովհաննիսյանն ու ընդգծեց. «Սա ամենավտանգավոր ծուղակն է, որ նա մեր ժողովրդի առջև լարում է, որովհետև իրականությունը բոլորովին այդ չէ. մեր պատմությունը վկայում է, որ 11-րդ դարում արտագաղթը անիրավ, անարդար, խարդախ ու անգրագետ հայ իշխանավորների գործունեության հետևանք էր, այնպես, ինչպես 1990-ականների արտագաղթը` գողության, կաշառակերության ու անարդարության հետևանք էր»:


Վ. Հովհաննիսյանը վստահ է, որ հայ ժողովուրդը ֆիզիկական ու նյութական դժվարություններին` լույսի, հացի պակասին, հիվանդությանը կդիմանա, սակայն չի դիմանում միայն անարդարությանը` սեփական իշխանություններից եկող անարդարությանը: Նրա համոզմամբ` Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ ներկայացված «պատմական էքսկուրսը քողարկում է այն նպատակը, որ դրված է այս երևույթի մեջ` ցույց տալու, որ արտագաղթի մեղավորը ինքը չէ, որ այն օբյեկտիվ երևույթ է»:


«Իսկ այսօրվա արտագաղթի մեղավորը օլիգարխներն են, այն ոստիկաններն են, որոնց ժողովուրդը դադարել է հավատալ, այն դատավորներն են, որոնց անարդար դատավճիռներից կարող է արտագաղթ լինել, դա Հայաստանի այն մթնոլորնտ է, որտեղ քաղաքացին իրեն քաղաքացի չի զգում, իրեն պաշտպանված չի զգում և դադարում է հայրենիքը դիտել` որպես հայրենիք, և սկսում է որոնել տարածք, որտեղ իր նկատմամբ ավելի արդար կլինեն»,- ամփոփելով իր խոսքը` հայտարարեց խմբակցության քարտուղարը:


23.07.2010, 17:34

Aysor.am

No comments:

Post a Comment