Thursday, July 15, 2010

Ռեժիսորը մարդկանց հետ շփվել կարողանում է կինոյի միջոցով


«Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի երևանյան պրեմիերաներից է նաև լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխայց» ֆիլմը, որն այս րոպեներին ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում:


Ֆիլմը պատմում է Զանուսիի` 70-ականների ֆիլմերի` «Ընտանեկան կյանքի» (1971), «Քողարկման» (1976), «Հաստատուն գործոնի» (1980) դերակատարների հետագա ճակատագրերի մասին: Ի՞նչ է կատարվել նրանց հետ: Որտե՞ղ են: Ինչպե՞ս են ապրել այն տասնամյակաների ընթացքում, որոնք մեզ բաժանում են այդ ժամանակներից: Ֆիլմը ձևով հարցազրույց է:


Մինչ ֆիլմի ցուցադրումը` լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել ռեժիսորի հետ: Ռեժիսորի խոսքերով, անսպասելի, բայց տրամաբանական է իր` հայ ժողովրդի ու հայկական մշակույթի հետ ունեցած կապը:


«Ես ծագումով իտալացի եմ։ Իմ ծնողները Վենետիկից են, որտեղ հայկական համայնք կա։ Ես այնտեղ եղել եմ դեռ 70-ական թվականներին, հայերն ինձ հրավիրել են տեղի սփյուռքի հետ հանդիպման։ Նրանց հետաքրքիր էր, թե ինչպես է Լեհաստանում ապրում հայկական սփյուռքը»,- պատմեց ռեժիսորը:


Ռեժիսորը խոստովանեց նաև, որ մարդկանց հետ շփման դժվարությունն ու նրանց հասկանալու անկարողությունն է, ինչ-որ առումով, պատճառ դարձել, որպեսզի փորձի դա անել կինոարվեստի միջոցով:


«Կինոյի միջոցով դա կարող եմ լավ անել: Այսպես եմ շփվում, այլ ճանապարհ չգտա»,- ամփոփելով խոսքը` ընդգծեց Ք. Զանուսին:


15.07.2010, 18:10

Aysor.am

No comments:

Post a Comment