Thursday, July 15, 2010

«Ոսկե ծիրանը» նշում է Ա. Յավուրյանի 75-ամյակը


«Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի շրջանակներում նշվում է օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը: Միջոցառմանը ներկա են կինոգործիչներ, որոնցից շատերն աշխատել ու ապրել են Ա. Յավուրյանի կողքին, ինչպես նաև` օպերատորի կինն ու նրա ուսանողները:


Ուսանողական տարիներին համալսարանական թերթում առիթ ունեցանք շնորհավորել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հեռուստատեսության և կինոյի ամբիոնի վարիչի Ա. Յավուրյանի 70-ամյակը, որն օպերատորը նշեց ուսանողադասախոսական կազմի հետ: Երբ այս առիթով զրուցեցինք Ա. Յավուրյանի հետ, նա պատմեց, որ իր ծննդյան օրը միշտ փոփոխական է եղել:


Օպերատորը ծննդյան օրվա փոփոխական լինելը կապում էր մոր միամտության հետ, ում համար տարօրինակ է եղել, որ որդին ծնվել է ոչ թե 9 ամիս տևած հղիությունից հետո, այլ` 8 ամիս: Այդ պատճառով էլ օպերատորի ծննդյան օրը նշվում էր ինչպես հենց ծնվելու օրը, այնպես էլ` հետագա մի ամսվա ընթացքում որևէ օր:


«Երբ պահարաններից մեկում հայտնաբերում էի մորս կողմից նախապես գնված ու թաքցված կոշիկը, այդ օրն էլ համարվում էր իմ ծնունդը»,- ժպտալով պատմում էր օպերատորը, ով հիշում էր, որ իր մանկության տարիներին մեծ խնդիր էր նոր կոշիկ ունենալը, իսկ քանի որ ինքը ծնվել է աշնանը, ապա իր ծնունդին միշտ մոր կողմից` որպես նվեր կոշիկ էր ստանում:


Այսօր` Ա. Յավուրյանի ծննդյան օրը նշվում է նրա մասին հիշողությունների պահարանից պատմություններ հանելով ու նրա արվեստը վերագնահատելով: Այս առիթով «Ոսկե ծիրան» փառատոնը նախաձեռնել է նաև մեծանուն օպերատորի ու նրա ստեղծագործական ուղու մասին գրքի հրատարակությունը, որի շնորհանդեսը նույնպես տեղի է ունեցավ օպերատորի հոբելյանական հուշ երեկոյի ընթացքում:



Նշենք, որ միջոցառման ընթացքում ցուցադրվեց օպերատորի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը` ռեժիսոր` Սերգեյ Փարաջանով:


15.07.2010, 20:10

Aysor.am

No comments:

Post a Comment