
«Այս ֆիլմի կարևոր ասելիքն այն է, որ մարդը երջանիկ է, երբ նրա դուրսն ու ներսը խաղաղ է»,- այսպես ներկայացրեց իր «Մաեստրո» ֆիլմը ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նախօրեին:
Տեղեկացնենք, որ «Մաեստրո» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ փառատոնում ներկայացված է «Հայկական համայնապատկեր» և «Միջազգային խաղարկային» մրցույթների ծրագրում: Այն ռեժիսորի վերջին ֆիլմն է, որի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին:
Նախքան ՀՀ նախագահի կողմից «Մովսես խորենացու» անվան հուշամեդալ ստանալը` ֆիլմի գլխավոր դերակատարը` Մաեստրոն, խաղաղ էր ապրում դրսի աշխարհի ու իր ներսի` հոգևոր աշխարհի հետ: Սակայն այդ օրվաից հետո կարծես ամեն ինչ փոխվում է. դրսում աղմուկում ու նրան դավաճան արվեստագետ են անվանում ցուցարարները, աշխատանքի վայրում ծաղրում են ու համարում միջակություն, կնոջ հետ հարաբերություններում ծնվում է կասկածը, իսկ հոգին չի կարողանում խաղաղություն գտնել նույնիսկ մենակության ժամանակ:
Մաեստրո Ա. Տիգրանյանի հոգու բախումը դրսի ու ներսի աշխարհների հետ, ինչպես նաև քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները` 2008 թ-ի հետընտրական զարգացումներն են ընկած ֆիլմի հիմքում: Ռեժիսորը հարցերի պատասխաններ չի տալիս` ամեն ինչ թողնելով հանդիսատեսի գնահատականին:
Ֆիլմի ցուցադրությունն անցավ լեփ-լեցուն դահլիճում. այն դիտելու էին եկել հարյուրավոր կինոսիրողներ ու արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Հայտնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ֆիլմը կցուցադրվի նաև հուլիսի 15-ին, ժ. 11:30-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:
14.07.2010, 11:46
No comments:
Post a Comment