
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենց խմբակցությունը նախօրեին որոշում է կայացրել հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հիշեցնենք, որ Մ. Չավուշօղուն այսօրվանից երկօրյա աշխատանքային այցով գտնվելու է Երևանում: Նախատեսվում է, որ նա հանդիպումներ է ունենալու նաև ԱԺ խմբակցությունների հետ:
«Բացակայությունը տանուլ տվող քաղաքականություն է, եթե դու խուսափում ես հանդիպումից, նշանակում է` դու թույլ կողմ ես և դու տանուլ տվող կողմ ես»,- իրենց որոշումն այս կերպ մեկնաբանեց Լ. Ալավերդյանն ու հավելեց, որ «քաղաքականությունն այն վայրը չէ, որտեղ հաճելի հանդիպումներով ես միայն շարժվում»:
Լ. Ալավերդյանը նշեց նաև, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն ԱԺ-ում Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը որոշել է չհանդիպել ԵԽԽՎ նախագահի հետ` մեկնաբանելով , որ «Չավուշօղուն ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ Թուրքիայի ներկայացուցիչն է»: Այն, որ ՀՅԴ-ի մեկնաբանւթյունում առկա է նաև Չավուշօղլուի` հայկական պատվիրակության նկատմամբ ունեցած անհարգալից վերաբերմունքի հանգամանքը` Լ. Ալավերդյանը հասկանալի է համարում, մինչդեռ գտնում է` «Պետք է հանդիպել իր հետ և իրեն ասել ով` ով է և ինչն` ինչ է»:
«Մենք չպետք է թողնենք, որ նա ետ վերադառնա և ասի, որ ինձ հետ չհանդիպեցին հենց այն ուժերը, որոնք որ դեմ են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններին, ինչը կնշանակի, որ իրենք դեմ են ընդհանրապես երկու պետությունների շփմանը»,- մանրամասնեց Լ. Ալավերդյանն ու ընդգծեց. «Չէ՞ որ մենք այն գլխից էլ գիտեինք, թե ու՞մ հետ գործ ունենք»:
12.05.2010, 13:04
No comments:
Post a Comment