
«Մեղավոր մարդու փրկության համար Աստված ինքը մարմնացավ ու աշխարհ եկավ, որովհետև մեղքը միայն պետք է քավվեր մահվան միջոցով, քանի որ մարդն ինքն իրեն չկարողացավ ազատել մեղից ու դրա հետևանքից` մահվանից»,- նշեց Արարատյան հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս հոգևոր թեմի առաջնորդ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրեց Քրիստոսի` աշխարհ գալու, հարություն առնելու և երկինք համբարձվելու խորհուրդը:
Տեղեկացնենք, որ վաղը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման տոնը: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Տեր Գրիգոր քահանան փաստեց նաև, որ Աստված` Քրիստոս, մարմնացավ ու ապրեց մարկանց մեջ ու մարդկանց նման` ցույց տալով փրկության տանող ճանապարհը. «Մեր մեղքերի քավությունը կատարեց, խաչվեց մեր մեղքերի քավության համար,
ինքն իրեն զոհաբերեց»:
Ըստ նրա, եկեղեցական այրերը խոսում են Քրիստոսի 3 տեսակի համբարձման մասին` համբարձում երկրի մեջ, համբարձում երկրի վրա ու համբարձում երկրից:
«Համբարձում երկրի մեջ ասելով հասկանում ենք, որ տեղի ունեցավ Քրիստոսի համբարձումն իր սրբակենցաղ, իր բարի կյանքով` նա համբարձվեց, հասավ հոգևոր բարձրության: Համբարձում երկրի վրա, երբ Քրիստոսը խաչվեց, մեր փրկության համար խաչի վրա բարձրացավ: Իսկ համբարձում երկրից ասելով հասկանում ենք, որ երկրից հրաշափառ ձվով համբարձվեց երկինք ու մտավ երկրի արքայություն»,-մեկնաբանեց քահանան:
Համբարձումը, ըստ քահանայի, խորհրդանշում է նաև, որ Քրիստոսը համբարձմամբ մարդկային բնությունը երկինք տարավ. բացեց երկնքի ճանապարհը մարդու առջև, ցույց տվեց, թե ինչպես պետք է հասնել երկինք:
12.05.2010, 15:23
No comments:
Post a Comment