
Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն հայտնեց, որ «ԵԽԽՎ-ն դիմել է բյուրոյին` ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, որն ի թիվս այլ հարցրերի` ի մի կբերի Մինսկի խմբի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների աշխատանքները` հակամարտության առաջընթացի մասին զեկուցելով Վեհաժողովին»:
Մ. Չավուշօղլուն հիշեցրեց, որ վերոնշյալ ժամանակավոր հանձնաժողովը գործում էր մինչև հանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնի մահը, որից հետո «չկա համաձայնություն առ այն, թե ո՞ր անձը կարող է լավագույնս ղեկավարել այդ հանձնաժողովը, ինչպես նաև` չկա համաձայնություն դրա հստակ ձևաչափի ու մանդատի շուրջ»: Նա նշեց, որ արդեն մեկ տարի է` հարցը գնտվում է բյուրոյի օրակարգում, և իր պարտականությունն է` որպես ԵԽԽՎ նախագահ, «հետամուտ լինել բյուրոյի օրակարգին, մինչև ընդունվի համապատասխան որոշումը» (Aysor` հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին):
Մ. Չավուշօղլուն ընդգծեց նաև, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր իր պարտավորությունն է «ականջ դնել» հակամարտության երկու կողմերին էլ:
«Ես առանձնազրույցներ եմ ունեցել հայաստանյան և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ, ինչպես նաև` շատ օգտակար հանդիպումներ եմ անցկացրել երկու պատվիրակությունների ղեկավարների հետ միաժամանակ: Մենք համաձայնության ենք եկել` շարունակել նմանօրինակ ոչ պաշտոնական հանդիպումները և դրանցում ներառել ընդդիմության մեկական ներկայացուցիչ` մինչև կհասնենք այն մոտեցմանը, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,- մանրամասնեց ԵԽԽՎ նախագահը:
Հնչած հարցին, թե ԵԽԽՎ-ում` որպես թուրքական պատվիրակության նախագահ, Չավուշօղլուն բազմիցս է կրկնել ադրբեջանական պատվիրակության պնդումները ու ղարաբաղյան հիմնախնդրի հարցում արտահայտել խիստ սուբյեկտիվ դիրքորոշում, ԵԽԽՎ նախագահը պատասխանեց, որի ինքը չի մեկնաբանում նախկինում արված իր հայտարարությունը և հավելեց. «Որպես ԵԽԽՎ նախագահ` պիտի ասեմ, որ բոլոր 47 երկիրները հավասար են վեհաժողովում և հավասար վերաբերմունքի պետք է արժանանան: Ես կրկնում եմ` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն իմը չէ»:
13.05.2010, 20:17
No comments:
Post a Comment