«Մենք Փարաջանովի մասին մինչև հիմա ոչինչ չգիտենք»,- համոզված է գրող Սերգեյ Գալոյանը, ով հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի ու նրա մահվան մասին կատարած ուսումնասիրությունները պատրաստվում է համակարգել մի գիրքում` «Փարաջանով. լուսապսակ տառապանքի» վերնագրով:
Հիշեցնենք, որ Ս. Գալոյանը հեղինակ է շուրջ 30 գրքերի, որոնց թվին են դասվում Յապոնչիկի, Սվո Ռաֆի և այլ քրեական (կրիմինալ) հեղինակությունների մասին կենսագրական ծավալուն աշխատությունները, ինչպես նաև հեղինակն է Պարույր Սևակի, Մինաս Ավետիսյանի, Արշիլ Գորկու և այլ մեծությունների մասին գրքերի:
Ս. Գալոյանը, ով իր գրքում հանգամանալից ներկայացնում է, որ Փարաջանովի ձերբակալումն ու մահը նախապատրաստված է եղել խորհրդային իշխանությունների կողմից, մանրամասներ է հաղորդում նաև աշխարհահռչակ ռեժիսորի կայնքից: Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ գրքում նկարագրում է, թե ինչպիսի ընտանիքում է ծնվել Փարաջանովը, որը հասկանալի է դարձնում ռեժիսորի այն հայտարարությունը, թե «Ես չէի կարող մեծ կինոռեժիսոր չլինել, քանի որ ծնվել եմ` որպես ռեժիսոր. անընդհատ բեմադրություններ եմ արել ու ապրել եմ բեմադրության մեջ»:
Հեղինակն իր գրքում փաստերով պատմում է նաև, թե ինչ հանգամանքներից ելնելով են ձերբակալել Ս. Փարաջանովին` խորհրդային իշխանություների համար անհասկանալի այս հանճարին, ինչպիսի տանջանքների ու ստորացումների են ենթարկել նրան բանտային կյանքում, և ինչպես է ռեժիսորը շարունակել ռեժիսոր մնալ ամեն րոպե` նույնիսկ տառապանքի մեջ «բեմադրություն տեսնելով»:
Ս. Գալոյանը հայտնեց, որ արդեն ավարտել է Ս. Փարաջանովի մասին նոր բացահայտումներ ներկայացնող գրքի աշխատանքները: Աշխատությունն ավարտին հասցնելու համար նրան օգնել են բոլոր նրանք, ովքեր լավ են ճանաչում Փարաջանովին, այդ թվում` ռեժիսորի կինը, քրոջ որդին և այլոք:
Հեղինակի ստեղծագործական միտքը, սակայն, այսքանով չի սահմանափակվում: Նա այժմ աշխատում է նաև այլ հայտնի ու նշանակալի դեր կատարած անձանց մասին աշխատություններ պատրաստելու վրա:
Թե ինչպե՞ս է հաջողում հեղինակին իր ձեռքբերած նյութրը հրապարակային դարձնել` առանց խնդիրների, պարզ գաղտիք ունի. քրական աշխարհի դեմքերի մասին իր գրքերով հայտնի Ս. Գալոյանը ոչինչ չի «թաքցնում», այլ` «տպագրում է միայն այն, ինչ կարելի է և չի տպագրում այն, ինչը չի կարելի»: Այդ իսկ պատճառով, հեղինակի խոսքերով, «կրիմինալ» աշխարհի ներկայացուցիչների հարազատների և այդ աշխարհի մյուս անդամների հետ ինքը «լուրջ խնդիրներ» չի ունենում, այլ ունենում է` «բարի խնդիրներ», քանի որ համագործակցում է վերջիններիս հետ»:
«Ինձ հետ այլ բան է պատահում: Օրինակ, վերջերս հայաստանյան թերթերից մեկը ստանձնել էր հրատարակել Վանո Սիրադեղյանի և Սերժ Վիրաբյանի մասին իմ աշխատությունը, սակայն աշխատությունից 2 հատված տպագրելուց հետո` թերթն այլևս հրաժարվեց թողարկել դրանք»,- պատմեց Ս. Գալոյանը, ում համար հասկանալի են իր աշխատանքները չտպագրելու պատճառները` «Չեն ցանկացել իրենց անցավ գլուխը դնել ցավի տակ»:
13.05.2010, 14:59
No comments:
Post a Comment