
Գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր նոր աշխատության մասին, որով հեղինակը նոր բացահայտումներ է ներկայացնում աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի, նրա մահվան ու նրա հետ կապված քրեական աշխարհի մասին:
«Փարաջանովը Լյուբիմովի թատրոնում ներկա է գտնվել Վիսոցկու մահվան տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում իր կարծիքն է հայտնել Վիսոցկու մասին: Լուրը հասել է ԿԳԲ (Aysor` Պետական անվտանգության կոմիտե): Ձայնագրությունն ուսումնասիրելուց հետո վերջիններս որոշել են, որ Փարաջանովը պետք է մահանա որևէ բնական մահով, բայց քանի որ նա ֆիզիկապես տոկուն մարդ էր, ապա նրան պետք էր ձերբակալել», - աշխատությունից մանրամասներ ներկայացրեց Ս. Գալոյանը:
Ներկայացված դրվագի համաձայն, հաջորդ տարի` 1982 թ-ին, Փարաջանովին ձերբակալում են Թիֆլիսում` քրոջորդուն ինստիտուտ ընդունելու համար կաշառք տալու մեղադրանքով, այն դեպքում, երբ նրա քրոջորդին արդեն 4-րդ կուրսի ուսանող էր:
«Բա այն ժամանակ ինչու՞ չէին բռնել: Քանի որ այն ժամանակ նա Վիսոցկու մասին ելույթ չէր ունեցել»,- նկատեց Ս. Գալոյանը:
Շարունակելով հետաքրքիր ու նոր բացահայտումներ ներկայացնել` գրողը նշեց, որ Ս. Փարաջանովին դատապարտել են նաև` մեղադրելով արվամոլության մեջ, ինչը հեղինակի համոզմամբ` «ոչ միայն շինծու մեղադրանք է եղել, այլև դատավարությունն էլ է անցել շինծու կերպով»: Իսկ թե ինչու՞ է խորհրդային ոստիկանությանը հաջողվել ի կատար ածել շինծու մեղադրանքները, ըստ Ս. Գալոյանի, կապված է եղել Փարաջանովի բնավորության հետ, որն ամեն անգամ, երբ իրեն մեղադրել են, ոչ մի մեղադրանք չի հերքել, փոխարենն ինքնավստահ հայտարարել է. «Այս ձեր իմացածն ի՞նչ է, ես ավելին եմ արել»` ցանկանալով ընդգծել, որ «ինչ ուզում եք արեք, ինձ համար մեկ է, քանի որ ես Փարաջանովն եմ»:
Ս. Գալոյանի հեղինական աշխատությունը լույս կտեսնի այն ժամանակ, երբ «իր բարեկամները»` հովանավորները, համապատասխան միջոցներ տրամադրեն: Գիրքն արդեն ավարտվել է, սակայն, ըստ հեղինակի, նա դեռ շարունակում է նոր բացահայտումներ ստանալ Փարաջանովի մասին: Այս առիթով Ս. Գալոյանը նշեց նաև, որ եթե մինչև տպագրության օրը ոչինչ չփոխվի, ապա աշխատությունը կունենա «Փարաջանով` լուսապսակ տառապանքի» վերնագիրը:
Հեղինակը հայտնեց նաև, որ գրքում ներկայացված են նաև մանրամասներ Փարաջանովի բանտային կյանքի, այնտեղ կրած տառապանքների ու ստորացումների մասին:
13.05.2010, 14:13
No comments:
Post a Comment