Thursday, December 17, 2009

«Deep Purple»-ը Երևանում կլինի բացառիկ համերգով


Համաշխարհային ճանաչում ունեցող «Դիփ Փարփլ» («Deep Purple») ռոք խումբն իր առաջին այցելությունն է կատարում Հարավային Կովկաս, և համերգ է ունենալու Երևանում: Ինչպես հայտնեցին համերգի կազմակերպիչները, հանրաճանաչ խմբի համերգը տեղի կունենա 2010 թ-ի մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


«Այսպիսի համերգները մեզ համար էլ են հրաշք: Կարևորը, որ ով այցելել է Հայաստան, լավ տպավորություն է ստացել թե´ հանդիսատեսից, թե´ ընդունելությունից», - հայտնեց համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը:


Խումբը կկատարի իր բոլոր ժամանակների սիրված երգերը, որոնք` հին ու նոր, դարձել են համաշխարհային հիթեր: Հայ հանդիսատեսին «Դիփ Փարփլը» կներկայանա ամբողջական կազմով` Իեն Գիլան (Ian Gillan), Ռոջեր Գլովեր (Roger Glover), Իեն Փեյս (Ian Paice), Սթիվ Մորս (Steve Morse) և Դոն Էիրի (Don Airey):


Հարկ է նշել, որ համերգի կազմակերպիչներից է նաև «Հայռուսգազարդ» ընկերությունը, իսկ ինֆորմացիոն գործընկերը «Barseghyan Media Factory»-ն է:


Կազմակերպիչները հայտնում են, որ համերգի տոմսերը (3-60 հազար դրամ) հնարավոր կլինի ձեռքբերել ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, այնպես էլ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից ու «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից:


17.12.2009, 18:57

Aysor.am

No comments:

Post a Comment