
ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ամփոփելով անցնող տարին, ընդգծեց, որ «չնայած կուսակցության ներսում այս տարի տեղի ունեցած անախորժություններին, խմբակցությունը կարողացել է մնալ կայուն ու հավատարիմ իր սկզբունքներին:
Լ. Ալավերդյանը հայտնեց, որ անցնող տարվա ընթացքում խմբակցությունը 60-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դրանից միայն 5-ն են ընդունվել խորհրդարանի կողմից, իսկ երեքն էլ ընդունվել են տեսականորեն` մնալով թղթի վրա:
Անդրադառնալով խորհրդարանական քննարկումներին ու լսումներին` Լ. Ալավերդյանը փաստեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ցուցաբերել է ակտիվ մասնակցություն: Մասնավորապես, նա նշեց, որ 2010 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ «Ժառանգությունը» հանդես է եկել մի քանի կանխատեսումներով, առ այն, որ բյուջեի նախագիծն «այնքան էլ վարդագույն չէ, որքան ներկայացվում է»:
«Նմանօրինակ լավատեսական սցենարներ հնարավոր չէ իրականացնել», - ընդգծեց Լ. Ալավերդյանը:
Ամփոփելով իր խոսքը` խմբակցության քարտուղարը հայտնեց նաև, որ խմբակցությանը հաջողվել է տարբեր տեսակի օժանդակություն ցուցաբերել շուրջ 4000 սոցիալապես անապահով անձանց: Նա նշեց, որ «իշխանական կարող ուժերի հետ» համագործակցության շնորհիվ` հաջողվել է լուծել անապահովների մի շարք խնդիրներ:
22.12.2009, 14:21
No comments:
Post a Comment