
«Այն հարցում, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կապել Արցախի հակամարտության հետ, Սահմանադրական դատարանն անելիք չունի, քանի որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ երկու պետությունները չեն կարող երրորդ պետության վերաբերյալ պայմանագիր ստորագրել»,- հայտնեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում վերապահումներ ներառելու օրենսդրական եղանակների մասին:
Սահմանադրագետի խոսքերով, «չի վնասի այն, որ ՍԴ-ն տողատակում արձանագրի, որ սույն պայմանագիրը կնքված է այս երկու պետությունների միջև և չի կարող տարածվել երրորդ պետության վրա»: Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ նման մոտեցումը կնմանվի անեկդոտի` «Հայտարարում ենք, որ ժամը 12-ն է: Ապարանցիների համար նշում ենք, որ փոքր սլաքը գտնվում է մեծի տակ»:
«Այսինքն` իրականում Սահամանդրական դատարանը դա է անելու, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ սա կապված է մյուսի հետ»,- ընդգծեց Հ. Թովմասյանը:
Բացի այդ` սահամանադրագետը տեղեկացրեց, որ չնայած «Պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը ասում է, որ պայմանագրի ներկայացուցիչը կարող է վերապահումներով այն ներկայացնել, բայց «Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիան, ըստ էության, բացառում է երկկողմ պայմանագրերում վերապահում կատարելը»: Նա բացատրեց, որ եթե վերապահումները հասկանալի են բազմակողմ պայմանագրերի պարագայում, երկկողմի պայմանագրերում ընկալելի չէ, քանի որ «վերապահումը ևս պետք է անցնի այն նույն ընթացակարգով, ինչ ստորագրումը»:
Հ. Թովմասյանը հայտնեց նաև, որ Թուրքիան չի վավերացրել Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիան, և այդ հետևանքները նրա համար գոյություն չունեն:
15.12.2009, 16:30
No comments:
Post a Comment