Aysor-ի նախորդ հրապարակմանը` «Երևանի կենտրոնում չի հաջողվում բռնել կանանց ահաբեկող տղամարդուն», շարունակում են արձագանքել: Մասնավորապես, մեզ զանգահարած 23-ամյա Աննան հաղորդեց, որ ինքը «քիչ էր մնում բռնության զոհ դառնար: Հաղթանակի զբոսայգում:
Երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս, իջնելով Ազատություն պողոտայի կանգառներից մեկում` Հաղթանակ զբոսայգուց փոքր ինչ հեռու, Աննան զգացել է, որ ինչ-որ մեկը հետապնդում է իրեն: Նա պատմեց, որ նույնիսկ մտքով չի անցել, որ հետևից քայլողը կհասնի մինչև իր շենքի մուտք: Աննայի խոսքերով` իրեն «սարսափը պատել է միայն այն ժամանակ, երբ հետևից քայլող տղամարդը փորձել է գրկել իրեն ու բավարարել «ցանկությունները»:
Բարեբախտաբար Աննային հաջողվել է ընդդիմանալ ու, շտապ վերելակ նստելով, «ազատվել ոտնձգություններից»:
Գուցե այս իրադարձությանն այնքան էլ ուշադրության չարժանացնեինք, եթե նմանօրինակ պատմություններով զանգեր հաճախակի չստանայինք: «Իրենց բավարարել ցանկացող» տղամարդկանց հետ կապված պատմություններում ընդհանուր է մեկ բան, որ վերջիններիս մարդիկ հանդիպում են զբոսայգիներում կամ դրանց հարող տարածքներում:
Հուսանք, որ Ոստիկանությունը հսկողությունը կուժեղացնի ոչ միայն Մաշտոց պողոտային ուղղահայաց Կարեն Դեմիրճյանի անվան պողոտայում, որի հարցով Aysor-ն արդեն դիմել է, այլև Երևանի մյուս այգիներում ու զբոսայգիներում ու դրանց հարող տարածքներում:
21.12.2009, 11:05
Հ.Գ. - Կարդացեք Aysor-ի թղթակից Փառանձեմ Հովհաննիսյանի նախորդ հրապարակումները ևս` «Երևանի կենտրոնում չի հաջողվում բռնել կանանց ահաբեկող տղամարդուն» և «Այգին ու գետնանցումը կլուսավորվեն 2010 թվականին»:
No comments:
Post a Comment