
«Ձմեռային փառատոն-Հայաստան 2009»-ն արդեն մեկնարկել է: Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի պաշտոնական բացումը:
Տեղեկացնենք, որ «Ձմեռային փառատոնն» արդեն կազմակերպվում է երրորդ անգամ: Փառատոնի անցկացման մտահղացումը պատկանում է «Դիիմ քոմյունիքեյշնզ» («Deem communications») ընկերությանը, որին աջակցել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը: Փառատոնի անցկացմանն այս տարի աջակցում են նաև ՀՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Պողոսյան հիմնադրամը և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ»-ը:
Ինչպես Aysor-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց «Ձմեռային փառատոն – Հայաստան 2009» նախագծի համակարգող, «Կանաչաստան» ՀԿ ծրագրերի ղեկավար Էդուարդ Լևանյանը, փառատոնի հիմանական միջոցառումների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 19-ից` Ամանորյա տոնական շքերթով, որը սկիզբ կառնի Երևանի Ս. Կաթողիկե եկեղոցու բակում և կշարժվի դեպի Սիրահարների այգի:
«Փառատոնի հիմնական նպատակն է նախատոնական ու տոնական օրերի ուրախ անցկացման սկիզբ դնել Հայաստանում, ու ամանորյա տոներն ուրախ անցացնելու ավանդույթ ձևավորել»,- հայտնեց Է. Լևանյանը, ով համոզված է, որ ամանորյա տոնական տրամադրությունը պետք է ոչ թե սկիզբ առնի գնումները կատարելիս, այլ շաբաթներ առաջ:
Հենց այս նպատակով կազմակերպիչները տասնյակից ավելի միջոցառումներ են իրականացնելու, որոնց գերակշռող մասը լինելու է բացօթյա: Այսպիսով, վաղը` տոնական շքերթից բացի, սիրահարների այգում սպասվում է բացման համերգ: Նշենք, որ այգու տարբեր մասերում փառատոնի մասնակիցները տարբեր համերգային համարներ կարող են վայելել` երգ, երաժշտություն ու պար:
Է. Լևանյանի տեղեկացմամբ այգում կազմակերպվելու է նաև ամանորյա տոնավաճառ, որի ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնը ցուցադրելու է ամանորյա հուշանվերներ ու աքսեսուարներ:
«Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ ներկայացնելու են հայկական ավանդական ամանորյա ճաշատեսակներ, և կազմակերպելու են համտես»,- մանրամասնեց Է. Լևանյանն ու հայտնեց, որ կազմակերպվելու է նաև հայկական Ձմեռ պապի` Կաղանդ պապի կերպարի ներկայացում, ինչպես նաև տոնածառների ցուցադրություն:
Տոնածառների ցուցահանդեսն ունենալու է բնապահպանական նշանակություն: Այստեղ հասարակական, բարեգործական, բնապահպանական կազմակերպությունները, ինչպես նաև ուսանողական խորհուրդները ներկայացնելու են տարբեր արհեստական նյութերից պատրաստված տոնածառներ: Բացի այդ, կազմակերպվելու են նաև մանկական խաղեր, որոնք իրականացնելու են Հայ սկաուտական շարժում ընկերությունը և Հայաստանում Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ասոցիացիան:
Փառատոնյան միջոցառումները, որոնք շարունակվելու են մինչև հունվարի 6-ը, այսքանով չեն սահմանափակվում: Հունվարի 5-ին և 6-ին` Հիսուսի ծննդյան օրը, Ս. Կաթողիկե եկեղեցու բակում իրական կենդանիների մասնակցությամբ, բեմադրվելու է Մեսիայի ծնունդը:
Միջոցառումների ցանկից առանձնացնենք նաև հունվարի 5-ին տեղի ունենալիք «Արծաթե և Ոսկե» երեկույթը և դեկտեմբերի 23-ին սիրահարների այգում անցկացվելիք տոնական համերգը, որի ընթացքում հայկական ռոք-խմբերը կատարելու են ամանորյա երգեր:
No comments:
Post a Comment