Tuesday, December 15, 2009

Հայաստանը չի պատրաստվում հանդուրժել վավերացման ձգձգումը


«Իրավական ճանապարհները հնարավորություն են տալիս կողմերին քաղաքական ռևերանսներ անել, մասնավորապես, թուրքական կողմն ի սկզբանե բաց քարտերով չի խաղում, և իր հոգու խորքում ունի ցանկություն այս հարաբերությունների հաստատումը կապել Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,- հայտարարեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը` բացատրելով այն իրավական նորմերը, որով պետք է անցնեն հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները` երկու պետություններում վավերացվելու համար:


Հ. Թովմասյանի խոսքերով, եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման սկզբնական փուլում Թուրքիայում չէին խոսում այս գործընթացը Արցախի հակամարտության հարցի հետ կապելու մասին, ապա վերջին շրջանում պետական պաշտոնյաները սկսել են դրա մասին բացահայտ բարձրաձայնել:


«Համարժեք պատասխանը, թեպետ անուղղակի կերպով, հնչեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, թե հանձնարարված է պետական մարմիններին պատրաստել օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող են վերաբերել ստորագրությունը հետ վերցնելուն», - բացատրեց Հ. Թովմասյանն ու հավելեց, որ նման մոտեցումն ավելի նպատակահարմար է, քան Արձանագրությունները չվավերացնելը, որն ավելի պասիվ կեցվածք է:


«Այսինքն, հայկական կողմը ևս անուղղակի կերպով իրազեկեց թուրքական կողմին, որ ՀՀ-ն չի պատրաստվում շատ երկար ժամանակ հանդուրժել այս ձգձգումները, և որ Թուրքիան փորձում է կապել այս գործընթացը Ղարաբաղյան հարցի հետ», - ամփոփելով իր խոսքն` ընդգծեց Հ. Թովմասյանը:


15.12.2009, 15:16

Aysor.am

No comments:

Post a Comment